Լեհաստանում Վոլինյան կոտորածը ճանաչվել է որպես ցեղասպանություն
Լեհաստանի սենատը (խորհրդարանի վերին պալատը) բանաձև է ընդունել, որի համաձայն Վոլինյան ողբերգության դեպքերը որպես ցեղասպանություն են որակավորվել, հաղորդում է Радио Польша ռադիոալիքի կայքը։
Փաստաթղթի մեջ սենատորները ստորին պալատի՝ Սեյմի, գործընկերներին կոչ են արել հուլիսի 11-ը հռչակել ուկրաինացի ազգայնականների կողմից լեհերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։
Փաստաթղթի մեջ նշվում է, որ «Վոլինյան կոտորածների ժամանակ լեհերից բացի մահացել են հրեաներ, հայեր, չեխեր ու այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև զոհերին օգնել փորձող ուկրաինացիներ»։ Այս կապակցությամբ լեհական խորհրդարանի վերին պալատը սեփական կյանքը վտանգելու գնով լեհերին փրկող ուկրաինացիներին երախտագիտություն է հայտնել։
Վոլինյան կոտորածները 1943-1944 թվականներին Արևմտյան Ուկրաինայում տեղի ունեցած էթնիկ մաքրումներն են, որոնց արդյունքում տարբեր գնահատականներով սպանվել է 36-100 հազար մարդ։