Ժիրայր Սեֆիլյանի կալանքը վերացնելու բողոքը դատարանը քննել է առանց պաշտպանական կողմի ներկայության. փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն առանց պաշտպանական կողմի ներկայության երեկ նիստ է անցկացրել և որոշել է մերժել «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու բողոքը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
«Նշանակված ժամին նիստ տեղի չի ունեցել: Վերաքննիչ քրեական դատարանը այլ գործեր էր լսում, մեկ նիստի ավարտից հետո մեկ այլ նիստ էին սկսում և մեզ ոչ մի տեղեկություն չէին տրամադրում այն մասին, թե լսե՞լ են այդ օրը բողոքը, թե՞ ոչ, եթե լսել էին, ապա ե՞րբ»,-ասաց նա:
Արա Զաքարյանը հայտնեց, որ նշանակված ժամին ներկայացել է նիստի և մեկ ժամ անց է հեռացել դատարանից` այդ մասին հրապարակավ հայտնելուց հետո:
Սեֆիլյանի շահերի պաշտպանի խոսքով` դատարանն ի սկզբանե որոշել էր բողոքը մերժել և դատարանի համար նշանակություն չի ունեցել՝ պաշտպանական կողմը ներկա կգտնվի՞, թե ոչ, որովհետև, միևնույն է, բողոքը մերժվելու էր:
Նշենք, որ հունիսի 22-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց Ժիրայր Սեֆիլյանին:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: