Քեմերոնն ու Մերկելն անօրինական ներգաղթյալների արագ արտաքսման կոչ են արել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում են, որ հունական կղզիներից անօրինական ներգաղթյալների վերադարձը Թուրքիա պետք է իրականացվի կարճ ժամկետներում, հաղորդում է РИА Новости-ն։
«Նրանք քննարկել են ԵՄ-ի և Թուրքիայի միջև անցած շաբաթ ձեռքբերված համաձայնագիրը՝ նշելով, որ դրա ամբողջական, բոլոր չափանիշներին համապատասխանող և արագ իրականացումը հաջողության գրավականն է: Նրանք նշել են, որ արտաքսումը պետք է իրականացվի արագ և որ Թուրքիան պետք է շարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ներգաղթյալներին թույլ չտրվի հայտնվել հունական կղզիներում»,- ասված է առաջնորդների հեռախոսազրույցի արդյունքներով վարչապետի գրասենյակի ներկայացուցչի հաղորդագրությունում:
Բրյուսելի և Անկարայի միջև փախստականների թվի սահմանափակման վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: Դրա համաձայն՝ բոլոր անօրինական ներգաղթյալները, ովքեր մարտի 20-ից հետո Թուրքիայով կհասնեն Հունաստան, հետ են վերադարձվելու Թուրքիայի տարածք: