Թուրքիան դեռ 2015-ին նախազգուշացրել էր Բրյուսելին մահապարտներից մեկի վերաբերյալ. Էրդողան
Մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի միջազգային օդանավակայանում ու մետրոյի կայարանում ահաբեկչությունների շարք իրականացրած Խալիդ և Իբրահիմ էլ Բաքրաուի եղբայրներից մեկն անցած տարվա հունիսին ձերբակալվել էր Թուրքիայում:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` չմանրամասնելով, թե եղբայրներից կոնկրետ ով է ձերբակալվել։
Էրդողանի պնդմամբ՝ իրենք ձերբակալվածին Նիդեռլանդներին են հանձնել` առաջնորդվելով նրա ցանկությամբ: Թուրքիայի նախագահը հավելել է, որ երիտասարդի արտաքսումից հետո իրենք համապատասխան նախազգուշացումներ են ուղարկել Բելգիայի ու Նիդեռլանդների իշխանություններին:
Սակայն Բրյուսելը, Էրդողանի բնորոշմամբ, «անտեսել» է Անկարայի նախազգուշացումն առ այն, որ երիտասարդը գրոհային է:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 32 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել են: