Պիկեն լրագրողին. Լրագրությամբ զբաղվելիս հանիր Ռեալի խաղաշապիկը
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հերթական անգամ թվիթերյան իր էջում աչքի է ընկել իր մեկնաբանությամբ: Այս անգամ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը բարկացել է «El Español» պարբերականի խմբագիր Պեդրո Ռամիրեսի վրա: Վերջինս կարծում է, որ Պիկեն պետք է դաշտից հեռացվեր Պրիմերայի 30-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ ձեռքով խաղալու համար: Դրան ի պատասխան՝ իսպանացին Ռամիրեսին մեղադրել է կողմնապահ վերաբերմունքի մեջ՝ հիշեցնելով նույն տուրում «Ռեալի» ու «Սեւիլիայի» միջեւ հանդիպումը, որտեղ Լուկա Մոդրիչի նկատմամբ խախտման համար նշանակվել է 11 մետրանոց հարված: Պաշտպանը կարծում է, որ այդ դրվագում խախտում չկար:
«Ինչի՞ չեք խոսում ինձ ցույց տված առաջին դեղին քարտի մասին: Քանի որ այն ձեզ չի հետաքրքրում: Լրագրությամբ զբաղվելիս հանեք ձեր վրայի խաղաշապիկը»,- գրել է Պիկեն՝ ակնարկելով, որ Ռամիրեսը երկրպագում է «Ռեալին»: