Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2016

Վերջին մի քանի տարիների ընթացքում ֆինանսական համակարգը ցուցաբերել է դինամիկ զարգացման միտումներ. Արթուր Ջավադյան

0

 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ ԿԲ–ն արտաքին տնտեսական ցնցմանը համեմատաբար ավելի վաղ, արագ և ուժեղ արձագանքեց դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքներով, հետևաբար առավել արագ հնարավոր եղավ ապահովել մակրոտնտեսական կայունություն: Ըստ նրա՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգը ցուցաբերել է դինամիկ զարգացման միտումներ՝ ապահովելով ֆինանսական միջնորդության զգալի աճ: Արթուր Ջավադյանը նաև նշում է, որ ներգրավված արտարժութային միջոցների համար 20% պարտադիր պահուստավորման նորմատիվի սահմանումը բանկերին հնարավորություն է տվել առավել գրավիչ պայմաններ առաջարկել դրամային խնայողությունների համար։ Նրա խոսքով՝ ֆինանսական կայունության վերլուծություններում մակրո սթրես-թեստերի միջոցով գնահատվում են հավանական ոչ բարենպաստ զարգացումների, այդ թվում՝ ՌԴ-ից եկող ցնցումների ազդեցությունը բանկերի  վրա: Բացի այդ՝ մշտապես վերլուծվում են սթրես-թեսթի արդյունքների և փաստերի շեղումները:

 

– Պարո՛ն Ջավադյան, Ադրբեջանում մանաթը գրեթե կիսով չափ արժեզրկվեց։ Ավելի ուշ արժեզրկվեց նաև վրացական լարին։ Դրամի փոխարժեքը, կտրուկ փոփոխությունների չի ենթարկվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։


– Ընդհանրապես երկրի փոխարժեքի վարքագիծը դիտարկելիս կարևոր է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա` ընտրված դրամավարկային ու արժութային ռազմավարությանը և տնտեսական հիմնարար զարգացումները: Ադրբեջանի կողմից մինչ ճգնաժամը որդեգրված դրամավարկային և արժութային ռազմավարությունը գործունակ էր մնում միայն նավթային եկամուտների հաշվին, որի հետևանքով ադրբեջանական մանաթը տարիների ընթացքում էապես շեղվել էր իր իրական հավասարակշիռ մակարդակից: Ադրբեջանի կենտրոնական բանկը երկար տարիներ վարում է հաստատագրված փոխարժեքի քաղաքականություն, և փոխարժեքը կայուն էր մնում ի հաշիվ նավթի արտահանումից ստացված դոլարային հասույթի: Հետևաբար ակնհայտ է, որ արտահանման կառուցվածքում մոտ 90% նավթամթերքներ արտահանող և բյուջեի հոսքերում նավթային հատվածի ավելի քան 65% կշիռ ունեցող երկրի փոխարժեքը չէր կարող գոնե համարժեքորեն չարձագանքել նավթի միջազգային գների շուրջ 75% անկմանը:


Վրաստանի ազգային բանկը, ինչպես և ՀՀ ԿԲ-ն, վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այստեղ փոխարժեքի վարքագծում բացառապես տնտեսական հիմնարարներն են ընկած: Նման դեպքում ամենակարևոր գործոնը վճարային հաշվեկշռի զարգացումներն են: Դեպի երկիր ֆինանսական հոսքերի զգալի նվազման և թույլ պահանջարկի պայմաններում ներմուծման կրճատում է դիտարկվել ինչպես Վրաստանում (2015 թ-ին` շուրջ 10.0%), այնպես էլ Հայաստանում (շուրջ 26.5%): Սակայն ի տարբերություն Վրաստանի` ՀՀ-ում ներմուծման կրճատումը զուգահեռվել է արտահանման դրական զարգացումներով: 2015 թ-ին Վրաստանից արտահանումը կրճատվել է շուրջ 23.0%-ով, իսկ Հայաստանից արտահանումը` միայն 3.9%-ով: Նման պարագայում, ի տարբերություն մեր գործընկեր Վրաստանի, 2015-2016 թթ. մեր երկրում արձանագրվել է ընթացիկ հաշվի էական բարելավում: Դա նշանակում է դոլարի նկատմամբ ավելի քիչ պահանջարկ ենք ունեցել, ինչն էլ հիմք է հանդիսացել ՀՀ արժութային շուկայի հարաբերական կայունության ապահովման համար:


Բացի դրանից, ՀՀ կենտրոնական բանկը արտաքին տնտեսական ցնցմանը համեմատաբար ավելի վաղ, արագ և ուժեղ արձագանքեց դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքներով, հետևաբար առավել արագ հնարավոր եղավ ապահովել մակրոտնտեսական կայունություն, ինչն էլ դրսևորվեց Հայաստանում գնաճի համեմատաբար ավելի ցածր և կայուն վարքագծում:

 

–2015 թ. Հայաստանում գրանցվել է 0.1% գնանկում, մինչդեռ ԿԲ նպատակը 4% ± 1.5 տատանումների թույլատրելի միջակայքն է: Ինչո՞վ է պայմանավորված այդ շեղումը: Ինչո՞ւ ԿԲ–ն չի գնացել դրամավարկային պայմանների էլ ավելի թուլացմանը:


– Մենք հետևողականորեն փորձում ենք ուշադրություն հրավիրել, որ ԿԲ-ն չի արձագանքում և չպետք է արձագանքի առաջարկի շոկերին, քանի որ դրա արդյունքում կամ կտուժի տնտեսական աճը, կամ էլ կհետևեն անկանխատեսելի գնաճային զարգացումներ` աղքատությանը սպառնացող առաջին անհրաժեշտության ապրանքների գների ոչ խելամիտ աճի դրսևորումներով: Մի բան էլ պետք է հաշվի առնենք, ԿԲ դրամավարկային քաղաքականությունը ուղղված է ոչ թե արդեն արձանագրված կամ ներկա գնաճը կարգավորելուն, այլ ապագա գնաճը նպատակին վերադարձնելուն, քանի որ դրամավարկային քաղաքականությունը գնաճի վրա ազդում է ոչ թե անմիջապես, այլ միայն ժամանակի ընթացքում: 2015 թվականին ձևավորված գնաճի ցածր մակարդակը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների նվազմամբ ու արտաքին հատվածից ներքին գների վրա մասամբ փոխանցված գնանկումային ազդեցությամբ: Այլ կերպ ասած, գործ ենք ունեցել դրական առաջարկի շոկերի հետ, որոնց վրա կարճաժամկետ հատվածում ԿԲ ազդեցությունը սահմանափակ է: Պետք է ավելացնեմ նաև 2015 թվականի ամռանը սպասվող էլեկտրաէներգիայի գների աճի մոտ 1-1.5 տոկոս ազդեցությունը գնաճի վրա, որը մեզ բոլորիս հայտնի պատճառներով տեղի չունեցավ:

 

2015 թվականի սկզբին ԿԲ-ն հիմնականում աշխատում էր հետամուտ լինել ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում 2014 թ. վերջում ստեղծված լարվածության կայունացմանը, ապագա գնաճային ճնշումների  մեղմմանը և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ խարսխմանը: Ընդ որում, գների կայունացման խնդիրը պետք է դիտարկենք յուրաքանչյուր եռամսյակ, կամ կանխատեսվող ժամանակաշրջանի սկզբում՝ ապագա 12 ամիսների ընթացքում գնաճը իր նպատակային թիրախի շուրջ պահպանելու, կամ այդ թիրախին վերադարձնելու տեսանկյունից: Այդ ենթատեքստում հասկանալի է դառնում 2015 թվականի 0.1 տոկոս գնանկումը, որը, դեռևս պահպանվող արտաքին անորոշությունների պայմաններում, գնաճը ապագա 12-36 ամիսների ընթացքում կայունացնելու է մեր 4 տոկոս նպատակային թիրախի շուրջ:

    
2015 թվականին անընդհատ և հետևողականորեն թուլացվել են դրամավարկային պայմանները: Նախ, հաշվի առնելով տարվա ընթացքում գնաճի տեմպերի կանխատեսվող աստիճանական նվազումը և արտաքին ու ներքին թույլ պահանջարկի պարագայում այդ հատվածներից սպասվող ոչ գնաճային ազդե¬ցությունները, արդեն իսկ 2015 թ. սկզբին ԿԲ-ն թուլացրել է դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 8 տոկոսային կետով և վերականգնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքի և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բնականոն միջակայքը՝ 1.5 տոկոսային կետ: Միևնույն ժամանակ, մակրոպրուդենցիալ քաղաքականության որոշ միջոցառումների իրականացումը թուլացրեց ճնշումը բանկային համակարգի վրա՝ նպաստելով վարկավորման որոշակի վերականգնմանը: Ընդ որում, ԿԲ-ն ձեռնպահ է մնացել դրամավարկային պայմանների ավելի արագ թուլացումից՝ հաշվի առնելով տարվա ընթացքում դեռևս պահպանվող որոշ գնաճային ռիսկերը (այդ թվում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության անորոշությունը և արժութային շուկայի ճնշումների ազդեցությունը գների տատանման վրա),  ինչպես նաև բարձր գնաճային սպասումների ներքո նվազման ուղղությամբ գնային կոշտություններն ու դոլարայնացման ավելացման ռիսկերը, որոնք պահպանվել են նաև 2016 թ. սկզբներին:

 

Այնուամենայնիվ, տարվա երկրորդ կեսից ԿԲ-ն սկսեց նաև նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ 2 տոկոսային կետով: Մենք գնահատում ենք, որ 2015թ. ընթացքում իրականացված դրամավարկային պայմաների թուլացումը բավականին զգալի է և կնպաստի գնաճի տեմպերի աստիճանական վերականգնմանը ու կանխատեսվող հորիզոնում նպատակային ցուցանիշի շուրջ կայունացմանը, որի պատճառով էլ  ներկայումս որդեգրել ենք դրամավարկային պայմանների ավելի աստիճանական թուլացման մոտեցումը: Ներկա պայմաններում կարծում ենք նաև, որ ցածր գնաճը զգալիորեն նպաստում է բնակչության եկամուտների գնողունակության պահպանմանը, գնաճային սպասումների խարսխմանը և նպատակադրում է գնաճը թիրախին վերադարձնել աստիճանաբար՝ երեք տարվա հորիզոնում:

 

–Ինչպե՞ս եք գնահատում ֆինանսական ծառայությունների նկատմամբ հասարակության պահանջարկը, ինչքանո՞վ է մեր ազգաբնակչությունը օգտվում բանկային ծառայություններից:


– Վերջին տասնամյակում ֆինանսական ծառայությունների հասանելիության արագ աճը մեր քաղաքացիների և ֆինանսական կառույցների կարևոր ձեռքբերումներից է, որին զգալիորեն նպաստել են բանկերի կողմից նոր ծառայությունների և մասնաճյուղային ցանցի ընդլայնման միջոցառումները, սակայն որոշիչ դերակատարում է ունեցել հենց ազգաբնակչության շրջանում ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի զարգացումը: Այդուհանդերձ, որքան մեծանում է ֆինանսական հասանելիությունը և որքան ընդլայնվում է մատուցվող ծառայությունների ցանկը, այնքան մեր քաղաքացիները պահանջկոտ են դառնում, ինչը, իհարկե, նոր խթան է ստեղծում ֆինանսական ծառայությունների որակի բարելավման առումով: Այս նպատակով ԿԲ ներքո ստեղծվել է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնը, որի նպատակն է օժանդակել մեր քաղաքացիներին ֆինանսական գիտելիքների ձեռք բերման հարցում, նրանց ձայնը լսելի դարձնել և երաշխավորել մեր սպառողների շահերի պաշտպանությունը: 

Ցուցանիշների լեզվով, վերջին մի քանի տարիների ընթացքում ֆինանսական համակարգը ցուցաբերել է դինամիկ զարգացման միտումներ՝ ապահովելով ֆինանսական միջնորդության զգալի աճ: Տնտեսությանը տրամադրված վարկերի և ներգրաված ավանդների ծավալները 2008 թ-ից մինչ օրս աճել են միջինում տարեկան մոտ 20%-ով: Արդյունքում վարկեր/ՀՆԱ ցուցանիշը 17%-ից աճել է մինչև 39%, իսկ ավանդներ/ՀՆԱ ցուցանիշը՝ 12%-ից մինչև 35%: Հատկանշական է, որ վարկերի բարձր աճի տեմպեր են արձանագրվել այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Մասնավորապես, գյուղատնտեսական վարկերի ծավալների միջին տարեկան աճը կազմել է մոտ 20%, ինչի շնորհիվ այս ոլորտում վարկային միջնորդությունը գրեթե եռապատկվել է՝ 2015 թ. կազմելով 22%:


2008 թվականի համեմատ բանկերի հաճախորդների քանակը ավելի քան կրկնապատկվել է, իսկ բանկային հաշիվների քանակը՝ գրեթե եռապատկվել: Բանկերի հաճախորդների քանակը այսօր կազմում է 2.3 մլն, իսկ հաշիվների քանակը՝ 3.1 մլն: Իհարկե, այստեղ պետք է նկատի ունենալ, որ միևնույն հաճախորդը կարող է սպասարկվել տարբեր բանկերում և ունենալ մի քանի հաշիվներ:

 

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալները 2008 թվականի 236 մլրդ դրամից ավելացել են մինչև մոտ 1 տրլն 180 մլրդ դրամ, ինչին նպաստել է Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից երաշխավորվող ավանդների սահմանաչափի բարձրացումները՝ դրամային ավանդների դեպքում մինչև 10 մլն դրամ, իսկ արտարժույթով ավանդների դեպքում՝ մինչև 5 մլն դրամ: Այս ամենը խոսում է բնակչության մոտ բանկերի նկատմամբ վստահության ամրապնդման մասին: Հաճախորդների ներգրավվածության աճը փաստ է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև տնտեսվարող սուբյեկտների մասով: Վերջիններիս դեպքում ստվերային տնտեսվարման նվազման և տնտեսական աճի պայմաններում արձանագրվել է նաև անկանխիկ հաշվարկների էական աճ:


Այսօր կարող ենք վստահորեն ասել՝ ունենք բանկերի մասնաճյուղերի լայն ցանց՝ ավելի քան 500 մասնաճյուղ, ինչը թույլ է տալիս ապահովել բանկային ծառայությունների լայն հասանելիություն: Ի լրումն մասնաճյուղերի ընդլայնման՝ բանկերը աշխատանքներ են իրականացրել նաև ցանցի արդիականացման և կատարելագործման ուղղությամբ, ինչի  շնորհիվ նույնիսկ հեռավոր բնակավայրերում հնարավոր է դարձել հաճախորդների սպասարկումը նույնքան քաղաքակիրթ և բարենպաստ միջավայրում, ինչպես Երևանում  և մարզկենտրոններում: Մասնաճյուղերի հասանելիության առումով՝ Հայաստանը մոտ է Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներին, օրինակ՝ Հայաստանում 100,000 հասուն բնակչությանը բաժին ընկնող մասնաճյուղերի քանակը կազմում է 23, Ադրբեջանում՝ 11, Էստոնիայում՝ 12, Հունգարիայում՝ 16, Չեխիայում՝ 24, Մակեդոնիայում՝ 25:
Իհարկե, ֆինանսական ծառայությունների հասանելիության առկա մակարդակը բավարար չէ, և հետագա առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք երկարաժամկետ խնդիրներ, ինչպես օրինակ՝ նոր տեխնոլոգիաների կիրառումը, կամ ազգաբնակչության շրջանակում ֆինանսական ծառայությունները պատասխանատու սպառելու մշակույթի ձևավորումը:

 

– ԿԲ-ն բանկերի ներգրավված արտարժութային միջոցների համար սահմանել է 20% պարտադիր պահուստավորման նորմատիվ: Ինչո՞ւ է ԿԲ-ն արտարժութային ռիսկը տեղափոխել բանկերի ուսերին: Ինչո՞ւ ԿԲ-ն բանկերին նորմատիվով ստիպում է դոլար վաճառել՝ փոխարժեքը պահելու համար։


Պարտադիր պահուստավորման գործող դրույքները բխում են գների կայունության ապահովման ԿԲ խնդրից և, այս տեսանկյունից, արտարժույթով ներգրաված միջոցների բարձր դրույքը ամենևին նպատակ չունի բանկերին ստիպելու արտարժույթ վաճառել, այլ՝ նպաստելու է ֆինանսական համակարգի ապադոլարայնացմանը և խթանելու երկարաժամկետում դրամային, հատկապես երկարաժամկետ վարկավորման աճը: Ընդ որում, այսօր բանկերը պարտադիր պահուստները ապահովում են հիմնականում ներգրաված դրամային ավանդների և ԿԲ-ի հետ ռեպո համաձայնագրերով ներգրաված միջոցների հաշվին:

 

Նախ շեշտեմ, որ դրամով ներգրաված միջոցների պահուստավորման դրույքը կազմում է 2%, իսկ երկու տարուց ավելի ժամկետով դրամով ներգրաված միջոցների համար՝ 0%: Դրա արդյունքում կտրուկ աճել է դրամային և արտարժութային միջոցների գծով պարտադիր պահուստավորման դրույքների տարբերությունը, որը ԿԲ ապադոլարայնացման կարևոր գործիքներից է և նպատակաուղղված է նվազեցնելու դրամային միջոցների արդյունավետ տոկոսադրույքը՝ այդպիսով մեր բանկերին հնարավորություն տալով առավել գրավիչ պայմաններ առաջարկելու դրամային խնայողությունների համար, ինչին այսօր մենք ականատես ենք լինում:
Բացի այդ՝ ԿԲ-ն որոշակի չափանիշներին բավարարող միջոցների, ինչպես օրինակ՝ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցներից, արտասահմանյան և  տեղական բորսաներում պարտատոմսերի թողարկման միջոցով 2 տարուց ավելի մարման ժամկետով արտարժութով ներգրաված միջոցների համար, իրականացրել է որոշակի մեղմացումներ, ընդհուպ՝ առավել երկարաժամկետ միջոցների համար սահմանվել է 0-ական դրույք:

 

Այդ մեղմացումների շնորհիվ պարտադիր պահուստավորման բեռը արդեն իսկ նվազել է մինչև 14.1%: Ակնկալվում է, որ առաջիկայում բանկերը շարունակելու են մեծացնել այս չափանիշներին բավարարող միջոցների մասնաբաժինը, և պարտադիր պահուստավորման բեռն էլ ավելի է նվազելու: Արդյունքում՝ բանկերի պարտավորությունները ավելի երկարաժամկետ են դառնալու և նպաստելու են բանկային համակարգի կայունության ամրապնդմանը և վարկավորման ժամկետների մեծացմանը:


– Իհարկե, բացառություններ են սահմանվել պարտատոմսերով ներգրավված միջոցների համար, պարզապես եթե Կառավարության եվրոբոնդերի եկամտաբերությունը կազմում է մոտ 8%, ի՞նչ եկամտաբերությամբ կկարողանան բանկերը ներգրավել միջոցներ:


– Ինչպես նշեցի, և´ դրամային, և´արտարժութային ներգրաված միջոցների համար սահմանված են պարտադիր պահուստավորման դրույքների մի շարք բացառություններ, որոնք նպատակ ունեն խթանելու բանկերին ներգրավելու երկարաժամկետ և կայուն միջոցներ՝ այդպիսով նվազեցնելով ներգրաված միջոցների գծով պարտադիր պահուստավորման էֆեկտիվ դրույքը: Այդ բացառություններից են նաև սահմանված չափանիշներին բավարարող թողարկված պարտատոմսերը: Օրինակ՝ արտասահմանյան բորսայում 2 տարի մարման ժամկետով առանց մասնակի մարումների եվրոբոնդեր թողարկելու դեպքում մասնավոր բանկերը նույնպես ազատվում են այդ միջոցների գծով պարտադիր պահուստավորումից:

 

Ինչ վերաբերում է Կառավարության եվրոբոնդերի գործող 8% եկամտաբերության դրույքի պայմաններում բանկերի կողմից խելամիտ տոկոսադրույքով արտարժութային միջոցներ ներգրավելու հնարավորությանը, ապա նշեմ, Կառավարության եվրոբոնդերը թողարկվել են 7 և 10 տարի մարման ժամկետներով, իսկ երկարաժամկետ ներգրաված միջոցների տոկոսադրույքները, ինչպես գիտենք, համեմատաբար բարձր են: Մինչդեռ պարտադիր պահուստավորման ցածր դրույքները կիրառելի են առնվազն 2-ից 4 տարի մարման ժամկետով թողարկված պարտատոմսերի համար: Հետևաբար, բանկերը կարող են նույնիսկ եվրոբոնդերի 8% եկամտաբերության դրույքից ցածր տոկոսադրույքով ներգրավել միջոցներ, որոնց գծով կիրառելի կլինեն պարտադիր պահուստավորման նույն ցածր դրույքները: 


– Արդյո՞ք ՀՀ ԿԲ–ն գնահատում է, թե ինչքանով են բանկերը վատագույն մակրոտնտեսական զարգացումների դեպքում պատրաստ հաղթահարել հնարավոր ֆինանսական դժվարությունները: Արդյո՞ք բանկերը կբախվեն լուրջ խնդիրների հետ, օրինակ՝ ո՞ր դեպքում է կտրուկ աճում դասակարգված վարկերի մակարդակը։


– Այո, նման վերլուծությունները պարբերական բնույթ են կրում և իրականացվում են ֆինանսական կայունության ապահովման ԿԲ խնդրի ներքո: Ֆինանսական կայունության մամլո ասուլիսներին և հաշվետվությունների շրջանակում մենք բազմիցս նշել ենք արտերկրից, և հատկապես Ռուսաստանի Դաշնությունից եկող մասնավոր տրանսֆերտներից բխող ռիսկի գործոնների մասին: Ըստ այդմ՝ ֆինանսական կայունության վերլուծություններում մակրո սթրես-թեստերի միջոցով գնահատվում են հավանական ոչ բարենպաստ զարգացումների, այդ թվում՝ ՌԴ-ից եկող ցնցումների ազդեցությունը բանկերի  վրա: Սթրես-թեստերի միջոցով դիտարկվում են տարբեր մակրոտնտեսական սցենարների, օրինակ՝ տրանսֆերտների նվազման, փոխարժեքի փոփոխության, տնտեսական անկման, հնարավոր ազդեցությունը բանկային համակարգի վարկային պորտֆելի որակի, կապիտալի համարժեքության և իրացվելիության վրա: Այսօր սթրես-թեստի համակարգը հաշվի է առնում  ֆինանսական կայունությանը զգայուն հիմնական ռիսկերը՝ վարկային, շուկայական, իրացվելիության եւ այլն: Բացի այդ՝ մշտապես վերլուծվում են սթրես-թեսթի արդյունքների և փաստերի շեղումները: Այս առումով նշեմ, որ նախկինում ևս մեր կողմից իրականացվել են սթրես-թեստեր և գնահատվել տարբեր տնտեսական զարգացումների ազդեցությունը բանկային համակարգի վրա: Հետագայում, ինչպես պարզվեց, և´վերջին միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի, և´ 2014 թվականի վերջին արժութային շուկայում որոշակի լարվածության պայմաններում տնտեսական զարգացումների ազդեցությունը բանկային համակարգի վրա ամբողջությամբ համահունչ էին իրականացված սթրես-թեստերի արդյունքներին: Այս առումով՝ գործող մակրո սթրես-թեստի համակարգը առաջնային կարևորություն ունի ֆինանսական կայունության վերաբերյալ քննարկումներում: Սթրես-թեստերի արդյունքները ներկայացվում են ֆինանսական կայունության կոմիտեի նիստերին և հաշվի են առնվում որոշումների կայացման գործընթացում: Սթրես-թեստերի արդյունքների հիման վրա է, որ 2014 թ. վերջին մենք հանդես եկանք հստակ հայտարարությամբ, որ մեր բանկային համակարգը ունակ է դիմակայելու այդ ցնցմանը: Վերջին սթրես-թեստի արդյունքների համաձայն՝ նույնիսկ վատթարագույն մակրոտնտեսական սցենարների դրսևորման դեպքում բարձր իրացվելի միջոցները բավարար են ծածկելու ավանդների սիմուլացվող արտահոսքը, իսկ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը՝ բավարար կլանելու վարկային և շուկայական ռիսկերից բխող կորուստները:


– Ի՞նչ կասեք ԿԲ սահմանած բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի՝ 5 մլրդ դրամից մինչև 30 մլրդ դրամ բարձրացման որոշման մասին: Քանի՞ բանկ է ապահովում այդ շեմը և քանի՞ բանկ է սկսել այդ գործընթացը: Կա՞ արդյոք մտավախություն, որ որոշ բանկեր կփակվեն:

 

– Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման հարցը բավականին երկար քննարկել է միջազգային կառույցների և բանկային համակարգի մասնակիցների հետ, և այս առումով՝ այն պետք է դիտարկել ԿԲ ռազմավարական որոշումների համատեքստում: Այս որոշումը նպատակաուղղված է երկարաժամկետում ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը, բանկային համակարգի մրցունակության բարձրացմանը և ֆինանսական միջնորդության խորացման խթանմանը:

 

Ներկայումս գործող 21 առևտրային բանկերից 6 բանկ ապահովում են նվազագույն շեմը: 30 մլրդ դրամից փոքր կապիտալ ունեցող բանկերի բաժնետերերը հիմնականում հակված են համալրել բանկերի կանոնադրական կապիտալները, և այս գործընթացը արդեն իսկ մեկնարկել է: Նշեմ, որ անցյալ տարի բանկային համակարգի կանոնադրական կապիտալը համալրվել է 74 մլրդ դրամով: Բացի այդ՝ բանկային համակարգում ընթանում են նաև բանկերի միացումների և միաձուլումների գործարքներ, որոնց արդյունքում չեն փակվում բանկեր, այլ իրավահաջորդ բանկերը ձեռք են բերում գործարքի մասնակից բանկերի ակտիվները և պարտավորությունները, համատեղում են մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը (սիներգիայի էֆեկտ)՝ ապահովելով դրանց գործունեության արդյունավետության ու մրցունակության բարձրացում: Այս գործարքները չեն կարող ազդել ավանդատուների, վարկառուների և մյուս հաճախորդների բնականոն սպասարկման վրա: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում, որոնք, ի լրումն ավանդների երաշխավորված սահմանաչափերի բարձրացման՝ նախատեսում են, որ բանկերի միացման դեպքում միացող բանկերում միևնույն ավանդատուին պատկանող ավանդները երաշխավորվում են որպես առանձին ավանդներ. ժամկետային ավանդների դեպքում՝ մինչև ավանդի ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ ավանդների դեպքում՝ մեկ տարվա ընթացքում:


Կոնսոդիլացիոն գործընթացները կարող են նաև դրական ազդել մատուցվող ֆինանսական ծառայությունների մատչելիության և հասանելիության ավելացման վրա: Կոնսոլիդացիոն գործընթացները ուղեկցվում են սիներգիայի և մասշտաբի հաշվին ծախսերի տնտեսման էֆեկտների գործողության ուժեղացմամբ, ինչը ենթադրում է բանկային ծառայությունների ինքնարժեքի և, հետևաբար, նաև դրանց գների նվազում:


– Պարոն Ջավադյան, ԿԲ–ն արտարժութային ինտերվենցիաները իրականացնում է ոչ թե բորսայում, այլ միջբանկային շուկայում։ Ինչո՞վ է պայմանավորված այս գործելաոճը։


– Նախ եկեք հիշենք, երբ փոխեցինք ԿԲ արժութային շուկայում ինտերվենցիաների մեր մոտեցումը: Դա 2014 թվականի դեկտեմբեր ամիսն էր, երբ Հայաստանի տնտեսության վրա տարածաշրջանի երկրների բացասական զարգացումների ազդեցության տարաբնույթ գնահատականների արդյունքում շուկայի մասնակիցների, մեր քաղաքացիների և բիզնեսների մեծ մասը հայտնվել էր անորոշության մեջ, և բոլորին թվում էր, թե փոխարժեքը պահվում կամ կառավարվում է ԿԲ կողմից: Հիշո՞ւմ եք՝ հնչում էին տարբեր խելահեղ փոխարժեքի մակարդակների կանխատեսումներ, և մենք հանդես էինք գալիս մեր փաստարկված հակառակ պնդումներով: Ցանկացած ցնցում նաև սովորեցնող է, և անորոշության այդ փուլից մենք հասկացանք, որ պետք է թողնել, որ նույնիսկ ԿԲ ինտերվենցիաների գինը որոշեն շուկայի մասնակիցները: Այդ փոփոխությունը նպաստեց արտարժութային շուկայի շատ արագ կայունացմանը:


Ի դեպ, բորսայական արտարժույթի առք ու վաճառքի հարթակը շարունակում է գործել, ուղղակի ԿԲ-ն այլևս այդ հարթակում ինտերվենցիաներ չի իրականացնում: Բովանդակային առումով, միջբանկային շուկայում արտարժութային սակարկությունների անցկացման մեխանիզմը՝ ի տարբերություն նախկինում կիրառվող բորսայականի, առավել արդյունավետ միջոց է փոխարժեքի կտրուկ տատանումները զսպելու առումով: Նախ, քանակային ինտերվենցիայից առաջ ԿԲ կողմից առևտրային բանկերի համար հրապարակվում է համապատասխան հայտարարություն իրականացվելիք գործողության վերաբերյալ: Երկրորդ, բանկերը հնարավորություն են ստանում  նախապես պլանավորել մասնակցության չափը: Երրորդ, ի տարբերություն բորսայականի, աճուրդի արդյունքում ձևավորված փոխարժեքը առավել շուկայական է, քանի որ այն երաշխավորում է առավել մեծ թվով մասնակիցների առկայություն:


 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Самсонова поддержала Андрееску после победы над ней в финале турнира в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

"Как в раю": Джиган и Самойлова исполнили мечту знаменитой "диско-бабушки" из Коми



Москва

Кабмин РФ поддержал проект соглашения с Индией о взаимной отправке военных

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net