Ապրիլի 17-ին 33 համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 89 թեկնածու
Ապրիլի 17-ին ՀՀ 8 մարզի (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք և Վայոց ձոր) 33 համայնքում կկայանա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, խոշոր քաղաքների թիվը 3-ն է՝ Հրազդան, Սպիտակ և Թալին:
Այս քաղաքներից Սպիտակում և Թալինում առաջադրվել են 4-ական թեկնածուներ, իսկ Հրազդանում՝ 5 թեկնածու: Մասնավորապես Թալինում առաջադրվել են համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Մնացական Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Գուրգեն Գրիգորյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»՝ Տիգրան Հարությունյանը և անկուսակցական Գևորգ Գրիգորյանը:
Սպիտակ քաղաքում իշխող ՀՀԿ-ի կողմից որևէ թեկնածու չի առաջադրվել, սակայն նույն կուսակցությունից ինքնաառաջադրվել է երեք թեկնածու՝ քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Վանիկ Ասատրյանը և անկուսակցական Ռոբերտ Աղումյանը:
Հրազդան քաղաքում առաջադրվել է ՀՀԿ-ական երկու թեկնածու՝ Ռաֆայել Գրիգորյանն ու Արամ Դանիելյանը, որոնցից վեջինս համայնքի ղեկավարն է և առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Մյուս 3 թեկնածուներից Արթուր Միսակյանը առաջադրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից, Սասուն Միքայելյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ 33 համայնքում առաջադրվել է 89 թեկնածու, որոնցից 37-ը ՀՀԿ-ական, սակայն ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է 23-ը, «Հայկական վերածնունդ» կուսակցության 3 անդամներ, ՀՅԴ-ական 2 թեկնածու և «Քաղաքացիական պայմանագրի» անդամ մեկ թեկնածու: Մյուս 46 թեկնածուները անկուսակցական են: