Կարող էին դահլիճից դուրս որոշել իրենց խնդիրները. ՀՅԴ նորընտիր պատգամավորը երեկվա միջադեպը ԱԺ-ին հարիր չի համարում
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության նորընտիր պատգամավոր Կարեն Շահմուրադյանը ԱԺ-ին հարիր չի համարում երեկ խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի, Առաքել Մովսիսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը:
«Սա առաջին դեպքը չէ, որ խորհրդարանում նման բաներ են լինում, երեկվա դեպքն էլ իսկապես տհաճ դեպք էր, ինձ թվում է, որ նման բաները վարկաբեկում են մեր ժողովրդին, նմանատիպ մոտեցումները հարիր չեն մեր պատգամավորներին: Մարդիկ պետք է ավելի զուսպ լինեն, պետք է իրենց նյարդային համակարգը հանգիստ պահեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նա հավատացրեց, որ իր մասնակցությամբ նման միջադեպերից չի կարող խոսել, քանի որ իր նյարդային համակարգը բավականին ամուր է:
«Նման վարքագծով մարդ առաջինը չեն հարգում շրջապատին: Մարդիկ կարող էին դահլիճից դուրս որոշել իրենց խնդիրները»,- ասաց նա:
Հարցին, թե պատգամավորն արդեն չորս օր է՝ խորհրդարանում է, բայց որևէ հարց և որևէ ելույթ չի ունեցել, Շահմուրադյանը պատասխանեց, որ դեռ շուտ է իր խոսելու համար և դեռ կհասցի խոսել մյուս նիստերի ընթացքում: Իսկ թե այս քառօրյայում քննարկված հարցերից որն է իրեն ավելի շատ հետաքրքրել, պատասխանեց, թե շատերն են իրեն հետաքրքրում. «Մենաշնորհների հարցը և այլ տարբեր հարցեր»:
Հարցին, թե լքե՞լ է արդեն բիզնես միջավայրը, Շահմուրադյանը պատասխանեց, որ այո, ամբողջությամբ դուրս է եկել այդ միջավայրից: