Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունը առաջարկվում է վերապահել ԱԻՆ-ին
Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
Նախագծով նախատեսվում է Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունը վերապահեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Նախատեսվում է նաև, որ փրկարար ծառայության ստորաբաժանումները ստանում են զենք կրելու իրավասություն, իսկ կիրառման կարգը նախատեսված է օրենքով:
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա փոխնախարարն ասաց, որ ներկայումս տեղավորվում են այն ֆինանսական միջոցների մեջ, որը հատկացվել է պետական բյուջեով, այնուհետև համապատասխան հաշվարկ կլինի, թե որքան միջոցներ են անհրաժեշտ:
Ի դեպ, նախագծով նախատեսված է, որ խաղաղ պայմաններում պետական լիազոր մարմին համարվում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, սակայն ռազմական դրության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողներն անցնում են Պաշտպանության նախարարության օպերատիվ ենթակայության տակ: