Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը հայտնել է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ Վաշինգտոնի և Պեկինի միջև «տեղեկատվական պատերազմի» մասին
ԱՄՆ-ի և Չինաստանի՝ կորոնավիրուսի հարուցիչի ծագման վերաբերյալ «վեճերի» ֆոնին Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) վիրուսի առաջացման մասին իր եզրակացությունն է ներկայացրել, գրում է inopressa.ru կայքը։
Կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմի մեղադրանքների համաձայն՝ կորոնավիրուսը չինական լաբորատորիայից է «դուրս եկել», սակայն չինացիները հերքում են այդ վարկածը և անգամ հարցականի տակ դնում այն պնդումը, թե վարակը իրենց երկրում է առաջացել․ ավելին՝ վերջերս ՉԺՀ արտաքին գործերի նախարար Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ ամերիկյան բանակն է վիրուսն իրենց երկիր «բերել»։
Գերմանական դաշնային հետախուզական ծառայությունն այս շաբաթ պատգամավորներին հայտնել է իր եզրակացությունների մասին և խոսել Վաշինգտոնի և Պեկինի միջև «տեղեկատվական պատերազմի» մասին։ Նշվում է, որ հատուկ ծառայությունները որևէ ապացույց չունեն, որ վիրուսը լաբորատորիայում է ստեղծվել։ Հետազոտողները շատ ավելի հավանական են համարում չինական՝ վայրի կենդանիների շուկայում վիրուսի՝ չղջիկից մարդուն փոխանցվելու վարկածը։ Սակայն սա դեռևս որպես տեսություն է մնում։
Բունդեսթագում Գերմանական Ազատ դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է հետաքննող հանձնաժողով ստեղծել, որը համաճարակի մեկնարկային կետ համարվող Չինաստանում կհետազոտի SARS-CoV-2- ի ծագումն ու տարածումը։ Հայտնի է, որ աշխատանքային խմբում անկախ փորձագետներ պետք է լինեն, որոնք հավելյալ լիազորություններ կունենան։