Պարտադիր կուտակայինի հետաձգումն անհրաժեշտ է այլ առաջարկներ դիտարկելու համար. նախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը վերջերս Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019 թ.-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկ էր ներկայացրել:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ նախարարը հայտարարեց, թե իր կողմից նման որոշում կայացնելու հիմքում եղել է օրենքը լրամշակելը, քաղաքացիների կարծիքը հաշվի առնելը և քննարկման դնելու համար ժամանակ ունենալը:
«Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն»,-բացատրեց Մանե Թանդիլյանը:
Ըստ Թանդիլյանի՝ ինքն արդեն իսկ օրենքի նախագծի մշակման հետ կապված բազմաթիվ առաջարկներ է ստացել, որոնք, նրա կարծիքով, խելամիտ ու ողջախոհ են, ու կարելի է դիտարկել:
«Հանրային կարծիքը գիտեմ, ժամանակն անհրաժեշտ է դիտարկելու այլ առաջարկները, որոնցում ասվում է, թե ինչպես համակարգն ընդունելի դարձնել»,- շարունակեց նա:
Հարցին՝ խնդիրներ չե՞ն լինի՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն մի քանի տարի գործում է, նա պատասխանեց. «Խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ, անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետներ՝ լավագույն լուծումը գտնելու համար»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում աղքատության կրճատմանը, Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենց պետք չէ դիտարկել միայն որպես աղքատության դեմ պայքարող նախարարություն, իսկ աղքատության տոկոսը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը: