ԵՄ-ն նշել է պայմանները, որոնց դեպքում հավատարիմ կմնա Իրանի միջուկային ծրագրին
Եվրամիությունն ափսոսանք է հայտնել իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«ԵՄ-ն ափսոսում է միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու համար: Եթե ԱՄՆ-ը վերանայի իր դիրքորոշումը, մենք կողջունենք դա»,- Հռոմում լրագրողներին ասել է Մոգերինին:
Վերջինս նշել է նաև այն պայմանները, որոնց կատարման դեպքում ԵՄ-ը կշարունակի հավատարիմ մնալ միջուկային գործարքին:
«Քանի դեռ Իրանը կշարունակի կատարել իր պարտավորվածությունները միջուկային ոլորտում, ինչպես դա անում է մինչ օրս, ԵՄ-ը հավատարիմ կմնա միջուկային գործարքի հետագա լիակատար և արդյունավետ իրագործմանը», - ասել է Մոգերինին:
ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ իրենք վստահում են ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքին և տեղեկացվածությանը, որը 10 զեկույց է հրապարակել, որոնք հաստատում են, որ Իրանն ամբողջությամբ իրագործել է իր պարտականությունները: