ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժած 9 քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցում. 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը՝ կայուն ծանր
ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժած 9 քաղաքացի այժմ գտնվում հիվանդանոցում, նրանցից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Գիշերվա ընթացքում մեկի դրությունը վատացել է և բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել, մյուս երկուսը կայուն ծանր վիճակում են: 6-ը` վիրաբուժականում են, հավանաբար, այդ 6 հոգուց 2-ը վաղը դուրս կգրվեն»,- ասացին գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին ՌԴ-ում Վորոնեժի մոտ վթարի էր ենթարկվել հայկական ավտոբուսը, որի հետևանքով ավտոբուսի ուղևորներից մեկը և բեռնատարի վարորդը մահացել են: Ավտոբուսում եղել է 50 մարդ` 2 վարորդն ու 48 ուղևորը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ մարտի 21-ին, ժամը 11:45-ին տեղեկություն է ստացվել տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. Մ. Հայրապետյանի, Վ. Օհանյանի, Վ. Գևորգյանի, Դ. Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Տ. Բաբախանյանի, Ե. Համբարձումյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր, Ա. Մուրադյանի, Ա. Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության, իսկ Դ. Սարդարյանինը՝ ծայրահեղ ծանր: