Առանձին 10 դրվագներ են, կարող է՝ մի առանձին ոստիկան անհամաչափ ուժ է գործադրել. Գ. Կոստանյանը՝ «Մարտի 1-ի» զոհերի մասին (տեսանյութ)
Աբսուրդ կլինի կարծել, որ ես կարող եմ մի փաստաթղթի տակ ստորագրել, հետո ասել, թե նման բան չկա: Այսօր ԱԺ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա նկատեց, որ «բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը կոնվենցիոն պահանջ է և վերաբերում է ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, ոչ թե մահվան դեպքերին:
«ՄԻԵԴ-ը հարց է տվել՝ արդյո՞ք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է «բացարձակ անհրաժեշտ», և արդյո՞ք խախտվել են երկրորդ հոդվածով սահմանված իրավունքները, թե ոչ: Կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը, որ պետության կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ, պետք է լինի «համաչափ», «իրավաչափ» և «բացարձակ անհրաժեշտ»: «Բացարձակ անհրաժեշտը» վերաբերում է նրան, թե արդյո՞ք ոստիկանն ուրիշ ելք չի ունեցել և դրա համար է ուժ կիրառել», -շարունակեց Կոստանյանը:
Նշեց, որ երեկ ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, «Ելք» խմբակցության հեղինակած՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանին, ասել էր. «Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ի կողմից առարկություն է ներկայացված եղել, որ այս մարդկանց սպանությունը եղել է «բացարձակ անհրաժեշտ»»:
Կոստանյանը ներկայացրեց, որ կառավարությունն իր հիմնավորման մեջ բացատրում է, որ ոստիկանության կողմից կիրառված ուժը «բացարձակ անհրաժեշտ» է եղել, և դա չի առաջացրել երկրորդ հոդվածի խախտումներ: Նրա խոսքով՝ դա մահվան հանգամանքների հետ կապված ընդհանրապես կապ չունի:
«Ես ինքս այդ նույն առարկությունների մեջ հատուկ մանրամասնում եմ, որ յուրաքանչյուր մահվան հետ կապված գործերը քննվում են, դեռ չգիտենք՝ ինչ է եղել: Ոստիկանության ուժը եղել է «բացարձակ անհրաժեշտ», բայց մահվան հանգամանքների հետ կապված դեռ չգիտենք», -նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե 2-րդ հոդվածը, որը չի խախտվել, կոնկրետ ինչի՞ն է վերաբերում, Կոստանյանն ասաց, որ իրենք խոսում են նրա մասին, որ ոստիկանական ուժի կիրառումը չի հանգեցնում դրան. «Դրանք առանձին 10 դրվագներ են, կարող է՝ մի առանձին ոստիկան անհամաչափ ուժ է գործադրել, կամ առանձին ոչ ոստիկան զենք է գործադրել: Մենք դա քննում ենք»: