Նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ունի գերլիազորություններ, իսկ վարչապետը՝ գերպարտավորություններ. Գ. Իսագուլյան
Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցին և նշեց, որ դրա վերաբերյալ լավագույն մեկնաբանությունը տվեց հենց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր հայտարարությամբ:
«Նախագահը նշում է, որ «չի լինելու» և «չի հավակնելու» հասկացողությունները տարբեր իմաստներ ունեն. նա չթաքցրեց, որ հիմա էլ չի հավակնում: Դա ազնիվ և հասկանալի պատասխան էր: Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի հետ հանդիպումներում ես ինքս՝ մարդ, ով մտահոգ է Արցախի, Հայաստանի խնդիրներով, ասել եմ, որ ճիշտ կլինի, որ ինքն առաջինը ստանձնի այս պաշտոնը: Իմ փաստարկը եղել է այն, որ քանի որ Սահմանադրական փոփոխությունները եղել են իրենցից, լավ կլինի, որ առաջինը հենց իրենք փորձարկեն Սահմանադրության աշխատունակությունը: Ես կարծում եմ, որ ճիշտ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը՝ համաձայնելով վարչապետի պաշտոնին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Արցախյան հարցում Սերժ Սարգսյանի փորձառությանը, ապա Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ ինքը չի խոսում անփոխարինելիության մասին և կարող է երկու տասնյակ ՀՀԿ-ականների անուններ տալ, ում համարում է փորձառու:
Ըստ նրա՝ նոր Սահմանադրությամբ վարչապետն ոչ թե ունի գերլիազորություններ, այլ՝ գերպարտավորություններ, իսկ ՀՀ նախագահն ունի գերլիազորություններ: