Հոգեկան առողջության որոշ կենտրոններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել, ՄԻՊ-ը դիմել է դատախազին
Հոգեկան առողջության որոշ կենտրոններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել:
Այս մասին այսօր «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցով հանդես գալու ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Հայտնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի տրամադրվող ժամկետանց դեղեր: Դեղերից շատերը հայտնաբերվել են մետաղական արկղերում, որոնք պահվել են դեղերի պահման նպատակով: Այդ դեղամիջոցներն օգտագործվում են որպես պացիենտների բուժման հիմնական դեղամիջոց կամ նախատեսված են առաջին օգնության տրամադրման համար: Արձանագրվել են դեպքեր, երբ դեղատուփերը կտրված են եղել այնպես, որ ժամկետի մասին հատվածը բացակայել է: Ես այս հարցը քննարկել եմ ՀՀ գլխավոր դատախազի հետ, ու մեզ մոտ եղած նյութերն ուղարկել ենք ուսումնասիրության»,-ասաց Թաթոյանը:
ՄԻՊ-ն արձանագրել է՝ խնդրահարույց է նաև ժամկետանց դեղերի ու բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը, որը կարող է վտանգավոր լինել ոչ միայն հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց, այլև շրջակա միջավայրի համար. «Օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում չեն պահպանվում առողջապահության նախարարի հրաման-պահանջները և բժշկական թափոնները հայտնվում են տուն-ինտերնատին կից դիահերձարանի մոտակայքում»:
Թաթոյանի խոսքով՝առանձին կազմակերպություններում հոգեկան խնդիրներ ունեցող որոշ անձինք ազատ հնարավորություն ունեն հոգեբուժական կազմակերպություններից դուրս գտնվող դեղատներից դեղեր ձեռք բերելու. «Օրինակ, Ավան հոգեկան առողջության կենտրոնում հոգեբանական առողջական խնդիրներ ունեցող անձանցից մեկի մոտ առկա է եղել անալգին և ևս մեկ անհայտ ծագման դեղամիջոց, որի վերաբերյալ անձնակազմը տեղյակ չի եղել»:
Արման Թաթոյանն ասաց, որ նշված բոլոր խնդիրների լուծման տարբերակներ են առաջարկվել պատկան մարմիններին: