Բակո Սահակյանի այցն ԱՄՆ շատ կարևոր էր, բայց թմբկահարելն անտեղի և անիմաստ է. նույն հաճախականությամբ գնում է Մոսկվա, Բրյուսել. Գ. Իսագուլյան
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Բակո Սահակյանի այցին ԱՄՆ՝ ասաց, որ այդպիսի այցեր բազմաթիվ են եղել, այդ թվում թե՛ Արկադի Ղուկասյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ:
«Իհարկե, շատ կարևոր այց է, բայց թմբկահարելն անտեղի և անիմաստ էր: Բացի այդ, Ադրբեջանի արձագանքը գիտեք՝ ինչ երանգներ ունի իր մեջ»,-ասաց նա: Գառնիկ Իսագուլյանը վստահեցրեց, որ նույն հաճախականությամբ Բակո Սահակյանն այցելում է նաև Մոսկվա, Բրյուսել:
«Պետք չէ նախապատվություն տալ և ասել, որ պատմական էր այս այցը»,-ասաց նա: Հարցին, թե ամեն դեպքում այցն իր մեջ մեսիջներ չէ՞ր պարունակում, նա հարցով պատասխանեց՝ մեսիջ ո՞ւմ համար և ի՞նչ նպատակով: «Այս այցերը կարևոր են, բայց վճռական, կարևորագույն նշանակություն չունեն»,-ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ սահմանին ցանկացած գործողություն կանխելու համար հիմնական գործոնը պետք է լինեն մեր զինված ուժերը, ՀՀ-ում, Արցախում կայունությունը, սոցիալ-տնտեսական վիճակը: «Մեր քաղաքական գործիչները մի պարզ ճշմարտություն պետք է հասկանան, որ այլ երկրների նախագահներն ինչ ասեն՝ դա մեզ համար կարևոր է, բայց առաջնային չէ»,-ասաց նա և նշեց, որ առաջնայինն այն է, թե մեզ մոտ արտագաղթ կա, թե ոչ, տնտեսական վիճակը կայուն է, թե ոչ: Իր գնահատմամբ՝ բալանսը պահպանվում է:
Նա զգուշացրեց, որ պետք է Ալիևի հայտարարություններին լուրջ վերաբերվել: «Եթե նա հասկանա, որ կարող է կորցնել իշխանությունը, պատրաստ է գնալ ցանկացած ավանտյուրայի, և պետք է կանխել դա, թույլ չտալ»,-ասաց նա:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ չպետք է արցախյան հարցը միջազգայնացնենք, քանի որ չենք ուզում հարցը Մինսկի խմբի շրջանակից դուրս գա, իսկ Ադրբեջանն ուզում է: