«Ելքում» կոնսենսուս կա՝ Սերժ Սարգսյանը պետք է 3-րդ անգամ չվերընտրվի, տարակարծությունը ճանապարհային քարտեզի շուրջ է. Ս. Միքայելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, թե ինքը տեղյակ չի եղել, ավելին՝ դեմ է եղել նույն կուսակցության անդամ ու խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզին: Նա նկատեց, որ ինքը կուսակցության ղեկավարն է, ամեն ինչից էլ տեղյակ է ու կողմ է իրենց նախաձեռնած քաղաքական շարժմանը:
«Որևէ միջադեպ չի եղել, կարող էր լինել տարաձայնություն, տարակարծություն, որը հարթվում է. մեր դաշինքի հզորությունը հենց դա է, սակայն տարակարծություն էլ չի եղել»,-ասաց Միքայելյանը:
Նա շեշտեց, որ «Ելք» դաշինքի 3 ուժերի մեջ կոնսենսուս կա, այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է 3-րդ անգամ չվերընտրվի, չդառնա վարչապետ: Ըստ նրա՝ տարակարծությունը ճանապարհային քարտեզի շուրջ է:
Դիտարկմանը, որ փաստորեն «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ՔՊ-ին փողոցում մենակ են թողնում, պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ է դա նշանակում, ես էլ կարող է փողոցում այդքան ակտիվ չլինեմ՝ առողջական պատճառներից ելնելով, բայց դա չի նշանակում միայնակ թողնել»:
Ինչ վերաբերում է հարցին, թե որն է դաշինքում գտնվելու իմաստը, եթե մի կուսակցություն մի ուղի է բռնում, մյուսները դրան չեն աջակցում, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Տարբեր ուղի չկա, բայց ամենակարևորը՝ երեք կուսակցություններում էլ կոնսենսուս կա, որ պայքարեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ: Ժամանակի ընթացքում կարող են 3-ն էլ միանալ»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորը նկատեց, որ մինչ այդ ընդդիմադիր տարբեր ուժեր քայլեր են արել՝ առանց մտածելու, թե ինչ արդյունք կտա հետագայում, իսկ իրենք տարբեր ուղղվածության քայլեր են անում, հետո կարող է միանան:
«Մեկն ասել է՝ մի ուղղությամբ ենք գնում, բոլորն ասել են՝ կողմ ենք, ու վերջում նրանք անհաջողության են հասել: Իսկ մենք տարբեր ուղղությամբ, մեր հիմնական նպատակից չշեղվելով, գնում ենք»,-շարունակեց Սասուն Միքայելյանը:
Վերջինս դժվարացավ ասեց՝ շարժումը կտանի՞ իշխանափոխության, թե ոչ և շեշտեց, թե ամեն բան ժամանակը ցույց կտա. «Իշխանափոխություն չի նշանակում, որ այսօր գոռամ, ասեմ՝ գնում ենք իշխանափոխության, ժողովրդին տանեմ, խաբեմ: Մենք քայլ ենք անում, որ ժողովուրդը հասկանա, դուրս գա փողոց»:
Պատգամավորը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե մարդկանց կարող են ավելի հիասթափեցնել, քանի որ գտնում է, որ մարդիկ առանց այն էլ հիասթափված են:
««Ելք» դաշինքը երբեք էլ չի խաբել ու չի խաբելու ժողովրդին: Մտավախությունն այն է, որ ժողովրդին պետք է կարողանանք այս իրավիճակից դուրս բերել»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը նաև ընդգծեց, որ իրենք փորձառու են փողոցային պայքարի հարցում. «Մենք երբեք ժողովրդին չենք հանելու փողոց, տանենք ընդհարման»: