Թրամփը շնորհավորեց բռնապետի. սենատոր Ջոն ՄքՔեյնը՝ Պուտինին շնորհավորելու մասին
Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ շնորհավորելու համար։ Այդ մասին ասվում է սենատորի կայքում։
«Ամերիկացի նախագահը հանդես չի գալիս որպես ազատ աշխարհի առաջնորդ՝ կեղծ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորելով բռնապետերի»,- ասվում է սենատորի հայտարարությունում։
Նա կարծում է, որ Պուտինին շնորհավորելով՝ Թրամփը «վիրավորել է յուրաքանչյուր ռուս քաղաքացու, որին զրկել են ազատ ու արդար ընտրություններում քվեարկելու իրավունքից»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 20-ին ԱՄՆ նախագահը զանգահարել է Պուտինին և շնորհավորել մարտի 18-ին կայացած ընտրություններում հաղթելու առթիվ։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մոտ ապագայում կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: