Հայաստանում ռուսական խոշոր ռազմաբազայի առկայությունը հավասարակշռում է Ադրբեջանի առավելությունը որոշ զենքերի ձեռքբերման հարցում. Ալեքսանդր Գոլց
Թեև Ադրբեջանն ավելի շատ զենք է գնում, քան Հայաստանը, տարածաշրջանում ռազմական բալանս է ապահովված Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի շնորհիվ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը՝ խոսելով Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած 2013-2017 թվականներին սպառազինության համաշխարհային առևտրի վերաբերյալ նոր զեկույցի մասին:
Ա. Գոլցն ասաց, որ Հայաստանը զենքի գնման հարցում ավելի «համեստ» է, քան Ադրբեջանը, որովհետև ավելի քիչ ֆինանսական ռեսուրսներ ունի և հիմնականում սպառազինություն է ձեռքբերում վարկերով: Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ռուսական զենքը գնում է ներքին գներով: «Ռուսական հայտնի ասացվածք կա՝ նվեր ստացած ձիու ատամները չեն հաշվում»,- ասաց Ալեքսանդր Գոլցը:
Ռազմական փորձագետը նշեց, թե բարդ է ասել՝ արդյոք սպառազինությունը կարո՞ղ է Ադրբեջանի կողմից կիրառվել Հայաստանի ու Ղարաբաղի դեմ: «Որևէ մեկը չգիտի դա: Ռուսական ամբողջ դիվանագիտությունը և առհասարակ այն պետությունների դիվանագիտությունը, որոնք միտված են կայունացնել տարածաշրջանում իրավիճակը, անում են ամեն ինչ, որպեսզի պատերազմ չվերսկսվի: 2016թ. ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո դա քիչ թե շատ հաջողվում է»,- նշեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը վերջին տարիներին պաշտպանողական զենք գնում, ոչ թե հարձակողական, Ալեքսանդր Գոլցը պատասխանեց. «Կարծում եմ, որ խոսակցությունները հարձակողական կամ պաշտպանական զենքերի մասին ստահոդ են: Ժամանակակից աշխարհում զենքի նման տարբերակումներ չկան: Զենքը զենք է»:
Խոսելով տարածաշրջանում սպառազինության բալանս ապահովելու մասին՝ փորձագետը նշեց. «Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմական բազան: Սա կայունացման լուրջ գործոն է և հավասարակշռում է Ադրբեջանի գերակայությանը՝ որոշ զենքերի տեսակների նկատմամբ»:
Դիտարկմանը, թե ռուսական ռազմական բազան ՀՀ սեփականությունը չէ, արդյոք Հայաստանը կարո՞ղ է այն կիրառել պատերազմի ժամանակ, Գոլցը պատասխանեց, որ ռազմական բազան Հայաստանի սեփականությունը չէ, բայց անգամ ռուսական դիվանագիտությունն ամեն կերպ խուսափում է հարցից, թե պատերազմի ժամանակ կարո՞ղ է այն կիրառվել, թե ոչ:
«Ռուսաստանը խուսափում է, որովհետև դա Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի դիվանագիտության համար աղետալի կլինի: Ամեն դեպքում, Հայաստանում խոշոր ռազմական բազայի առկայությունը հավասարակշռող գործոն է»,- նշեց Ալեքսանդր Գոլցը:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2016-2017թթ. զենքի ներկրման ծավալներով 54-րդ տեղն է զբաղեցնում: Այս ընթացքում Հայաստանը ձեռք է բերել 124 միլիոն ԱՄՆ դոլարի զենք:
Հայաստանին զենքի մատակարարումների 100 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Հայաստանը ներկրել է BM-9A52 «Սմերչ» ՀԿՌՀ-ներ, Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:
Ադրբեջանն իր հերթին 2016-2017թթ. զենքի ներկրման ծավալներով 27-րդ տեղում է: Վերջին 2 տարիներին Ադրբեջանը 551 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սպառազինություն է գնել:
Այս ընթացքում Ադրբեջանը Իսրայելից ներկրել է OPV-62 ռազմանավեր, «Orbiter» անօդաչու թռչող սարքեր, Spike-NLOS հակատանկային հրթիռներ:
Չեխիայից Ադրբեջանը գնել է RM-70 հրթիռային համակարգեր:
Ռուսաստանից վերջին 2 տարիների ընթացքում Ադրբեջանը ներկրել է ТОС-1 ("Սոլնցեպյոկ") համազարկային հրթիռային համակարգեր, БТР-82А զրահամեքենաներ, «Քրիզանթեմ» հակատանկային մարտական մեքենաներ, «Դանա» հրետանային համակարգեր: