Թուրքիայում քրիստոնեական կառույցների վրա հարձակումներն իրականացնողները կպատժվե՞ն, թե՞ ոչ. Կարո Փայլանը՝ իշխանություններին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցում է հղել Թուրքիայի ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով պատասխանել երկրում քրիստոնեական կառույցների դեմ հարձակումների ու, մասնավորապես, Տրապիզոնում գտնվող Սուրբ Մարիա տաճարի դեմ պարբերաբար ոտնձգությունների մասին մի քանի հարցի:
Ինչպես գրում է թուրքական Bianet.org-ը, Փայլանը մեղադրել է իշխանություններին դիտավորյալ լռության ու մեղավորներին չպատժելու մեջ:
Հայազգի պատգամավորը հիշեցրել է, որ Տրապիզոնում գտնվող կաթոլիկ եկեղեցին պարբերաբար հարձակումների է ենթարկվում 2006 թվականից սկսած, երբ սպանվեց եկեղեցու քահանան:
Դրանից հետո՝ 2011 թվականին, ազգայնականները շշեր էին նետել եկեղեցու ուղղությամբ, որոնց մեջ գտնվել է գրություն. «Կա՛մ դուք իջեցրեք այդ խաչը, կա՛մ մենք կիջեցնենք»:
Փայլանի փոխանցմամբ՝ եկեղեցին հարձակման է ենթարկվել նաև Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, երբ հաջակցություն իշխանությունների փողոց դուրս եկած խմբերը քարերով կոտրել էին շինության ապակիները:
Փայլանը, շեշտելով, որ եկեղեցու դեմ հարձակումները պարբերական բնույթ են կրում արդեն 12 տարի շարունակ, գրավոր հարցման մեջ խնդրել է պատասխանել, թե արդյոք մինչ օրս որևէ բան արվել է հարձակումների կազմակերպիչներին ու իրականացնողներին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու ու եկեղեցու դեմ նոր հարձակումները կանխարգելելու համար:
Հայազգի պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե առհասարակ Թուրքիայի տարածքում քրիստոնյաների դեմ ատելության տարածման հիմքի վրա իրականացված հարձակումները կանխելու համար իշխանությունները որևէ քայլ ձեռնարկում են, թե ոչ: