Որքան շատ կանայք լինեն քաղաքականության մեջ, այնքան ավելի առաջընթաց կունենանք. դա ապացուցված է բազմաթիվ երկրների փորձով. Զ. Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր մամուլի ասուլիսին շնորհավորեց կանանց Մարտի 8-ի կապակցությամբ և նշեց, որ տոնն անցկացնելու է ընտանիքի հետ միասին:
«Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ փոխում է քաղաքականության դիմագիծը. որքան շատ լինեն կանայք քաղաքականության մեջ, ավելի առաջընթաց կունենանք, ինչն ապացուցված է բազմաթիվ երկրների փորձով: Կանանց մասնակցությունը քաղաքականությունում ոչ միայն ուղղակի անհրաժեշտություն է, այլ բխում է պետության շահերից»-ասաց նա և հիշեցրեց, որ Երևանի ավագանիում երեք կանանցով են ներկայացված:
Ինչ վերաբերում է լրագրողների հետ քաղաքապետարանի շենքում շրջայց անցկացնելու սահմանափակմանը և դա արգելող կարգերին, ապա Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նման հրապարակված կարգ գոյություն չունի:
«Դա հատուկ պահպանվող գաղտնի տարածք չէ: Եթե կարգ է խախտվել, ուրեմն իրենք են խախտել: Քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մուտք գործելու, բարձրացնելու իր պահանջը և լուծում ստանալու»,-ասաց նա և նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ, բնութագրում է բռնապետական համակարգը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Երկիր Ծիրանիի» անդամները կոյուղաջուր էին բերել ավագանու նիստին։ Կոյուղաջուրը Երևանի քաղաքապետին ներկայացնելուն ընդդիմացել էին ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, տեղի էր ունեցել քաշքշուկ, և վերջինները «Երկիր Ծիրանիի» անդամին բռնությամբ հեռացրել էին դահլիճից։
Ինչ վերաբերում է քննչական գործողություններին՝ կապված ավագանու նիստի այդ միջադեպի հետ և մասնավորապես ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գոռ Վարդանյանի հայտարարությունը, թե ինքն իրականացրել է հակաահաբեկչական գործողություններ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահն ասաց. «Ես չգիտեմ՝ Գոռ Վարդանյանը որ ոլորտի մասնագետ է, բայց եթե նույնիսկ այդպիսի ունակություններ ունի, ապա դա այն անձինք կարող են կիրառել, ովքեր ի պաշտոնե լիազորված են, իսկ նա որևէ կերպ լիազորված չէր հարկադրանք կիրառել, առևանգել և նետել գետնին»,-ասաց նա: