Թրամփը շահել է նախկին պոռնոաստղի ներկայացրած հայցի հիման վրա սկսված դատը. Սպիտակ տուն
Միացյալ Նաhանգների նախագահ Դոնալդ Թրամփը շահել է իր դեմ դատը։ Հիշեցնենք, որ նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսը (Ստեֆանի Քլիֆորդ) հայց էր ներկայացրել 71-ամյա ղեկավարի դեմ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ նախագահն ինտիմ կապ չի ունեցել Դենիելսի հետ և որ այդ փաստն ապացուցվել է դատարանում:
Ինչպես նշում է New York Daily News-ը, Դենիելսի փաստաբան Մայքլ Ավենատին հակադարձել է Սանդերսին՝ հայտարարելով, որ Թրամփի՝ դատը շահելու մասին տեղեկությունը միանգամայն կեղծ է:
Ավելի վաղ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի հերոսուհին հայտարարել էր, որ քաղաքացիական հայց է ներկայացրել ինտիմ կապի վերաբերյալ տեղեկությունը չհրապարակելու մասին Թրամփի փաստաբանի հետ կնքած համաձայնագրի առնչությամբ:
Դերասանուհին պնդում է, որ համաձայնագիրը վավեր չի կարող ճանաչվել, քանի որ դրանում բացակայում է անձամբ Թրամփի ստորագրությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել առ այն, որ 2016թ. կայացած նախագահական ընտրություններից առաջ Թրամփի փաստաբանը նախկին պոռնոաստղին 130.000 դոլար է վճարել, որպեսզի կինը լռի տարիներ առաջ իր ու Թրամփի միջև եղած կապի մասին:
Մինչդեռ ինքը՝ Թրամփը, ավելի վաղ հերքել էր Դենիելսի հետ կապը: Սակայն պոռնոաստղը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ 2006-2007թթ. ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ, որն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ: