Արցախը հարուստ պատմությամբ վայր է, որտեղ ՅՈւՆԵՍԿՕ-ին արժանի կառույցներ կան. լատվիացի բլոգերը ֆոտոշարքով ներկայացրել է իր այցն Արցախ
Լատվիայի Ակտիվ երիտասարդության դաշնության խորհրդի նախագահ, բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին ներկայացրել է Արցախ կատարած այցելության տպավորությունները:
«Ղարաբաղցիները ոգով ուժեղ մարդիկ են, ազատասեր մարտիկներ են, ապրում են՝ չնայած բոլոր դժվարություններին: Կյանքն այստեղ բոլորովին էլ հեշտ չէ, և «բնության բարիքները» երկնքից չեն թափվում, ամեն ինչ ստիպված են ստեղծել: Արցախը հարուստ պատմություն ունեցող վայր է և ունի իր յուրօրինակ ճարտարապետական ոճ, որը ներառում է ինչպես եվրոպական, այնպես էլ իրանական ճարտարապետության տարրեր»,- «Эхо Москвы» ռադիոկայանի իր սյունակում գրել է բլոգերը:
«Շատ է տպավորել Ստեփանակերտը՝ եզակի մթնոլորտային երևույթով, երբ ամպերը միախառնվում են լեռնային մառախուղի հետ: Ես նոր եմ իմացել, որ Ղարաբաղը լեռնային է այն պատճառով, որ տեղակայված է հենց «լեռներում», երբեմն էլ՝ ամպերից վեր»,- գրել է լատվիացին:
Բլոգերն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Արցախի տեսարժան վայրերն ու մշակութային արժեքենրը, ինչպես, օրինակ, Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկան, «լեռնային բույսերով պատրաստված համեղ լավաշը», Արցախի խորհրդանիշ հուշարձանը, Դադիվանքը, պատմության թանգարանը, ինչպես նաև Շուշին, որտեղ, լատվիացու կարծիքով, հնարավոր է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմում ընդգրկվելու արժանի կառույցներ գտնել: