«Իշխանության հրապարակայնությունը» լույս է տեսել հայերեն
Գիրքը հունիսի 20-ից վաճառվում է «Նոյան Տապան» գրախանութում (Երեւան, Աբովյան 8):
Գրքի նախաբանում պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, մասնավորապես, գրում է.
«Մենագրությունը բավականին մեծ հետաքրքրություն ներկայացնող փորձ է՝ հասկանալու մի կողմից իշխանության հրապարակայնության մեխանիզմները, մյուս կողմից՝ դրա իրականացման մեխանիզմները, եւ վերջապես՝ այս երկու հասկացությունների համադրությունը միասին: Այստեղ պարադոքսալ կերպով զուգորդվում են թե՛ խնդրի տրիվիալությունը եւ թե՛ դրա աննախադեպ բնույթը: Ընդունված է համարել, որ իշխանությունը, ըստ սահմանման, հենց հրապարակային երեւույթ է, ուստի, «իշխանության հրապարակայնություն» բառերի կապակցությունը կարծես նույնաբանություն լինի: Այդ իսկ պատճառով, երբ խոսում են իշխանության մեխանիզմների մասին, ապա ավելի շատ նախընտրում են խորանալ իշխանության գաղտնի մեխանիզմների ու դրանց դրսեւորումների (բացահայտման) բնույթի մեջ, քան ուսումնասիրել կառավարման գործառույթների իրականացման սովորական, կարծրացած ձեւը: Սա գրեթե կոնսպիրոլոգիական սխեմաների է բերում. չէ՞ որ առավել հետաքրքիր է նկարագրել (կամ բացահայտել) այն, թե ինչ է (իբրեւ թե) իրականում իշխանությունը, քան այն՝ թե ինչպիսին է իշխանությունը ցանկանում երեւալ»:
[[gallery1]]
Սուրեն Զոլյանը նաեւ նշել, որ Վիկտոր Սողոմոնյանը ցույց է տալիս, որ իշխանության հրապարակայնությունը, այդ երեւույթի տարբեր ընկալումներով հանդերձ, տիպաբանորեն տարբերվող հաղորդակցական սխեմաների բազմամակարդակ համակարգ է: «Ընդ որում, իշխանության բնույթն ու հրապարակային հաղորդակցության իրականացման բնույթն ընդհանուր գծերով համապատասխանում են միմյանց, սակայն միմիայն ամենաընդհանուր գծերով. դրանք լիովին կարող են գոյություն ունենալ միմյանցից անկախ, եւ դա է պատճառը, որ կարող են ստեղծել բազմաթիվ, երբեմն բավականաչափ արտասովոր փոխդասավորություններ», - նկատում է Սուրեն Զոլյանը: