Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարարը
Արմինֆո. Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնը: «Կարճաժամկետ այցով ժամանել եմ Երևան՝ մասնակցելու Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը»,- Թվիթերում գրառում է կատարել Դանքնը:
Այսօր տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ընդհանուր առմամբ, նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել է 1300 մարդ` դիվանագետներ, օտարերկրյա հյուրեր: Սակայն օտարերկրյա ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ արարողության ներկա չեն եղել: Արարողությանը չեն մասնակցել նաև «Ելք» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Փոխարենը` արարողությանը մասնակցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: