Հնդիկ տղամարդը 25 տարի անց գտել է կորցրած ընտանիքը
Հնդկաստանում ծնված Սարու Բրիերլին ընտանիքի հետ կապը կորցրել է 5 տարեկանում, երբ պատահաբար սխալ գնացք է նստել և հայտնվել հայրենի տնից 1500 կմ հեռավորությամբ գտնվող Կալկաթայում:
Մեծ քաղաքում նրան ոչ ոք օգնել չի կարողացել, և սկզբնական շրջանում տղան ստիպված է եղել բնակվել փողոցում: Ավելի ուշ տեղի գործակալության ջանքերով նրան որդեգրել է Ավստրալիայից եկած ընտանիքը, որն էլ երեխային իր հետ է տարել:
Տղան տարիներ շարունակ չի կորցրել հարազատ ծնողներին գտնելու հույսը, սակայն նա ոչ իր հայրենի քաղաքի անունն է իմացել, ոչ էլ թե որ գնացքով է հեռացել այնտեղից: 25 տարի անց միայն նա սկսել է իր հայրենի քաղաքը փնտրել Google Earth ծրագրի միջոցով և կարողացել է գտնել երկարատև որոնումներից հետո:
Հնդիկ տղայի պատմությանն անդրադարձել է AdMe.ru-ն՝ նշելով, որ տղամարդն իր կյանքի պատմությունը շարադրել է «Երկար ճանապարհ դեպի տուն» գրքում, որի հիման վրա էլ նկարահանվել է «Առյուծ» ֆիլմը, որը «Օսկար 2017-ին» առաջադրվել էր 6 անվանակարգում: