Վենեսուելայի գլխավոր դատախազը դեմ է խորհրդարանի լիազորությունները դատարանին փոխանցելուն
Վենեսուելայի գլխավոր դատախազն ուրբաթ դատապարտել է երկրի Գերագույն դատարանի` նախօրեին կայացրած որոշումը, որի համաձայն`դատական մարմինը ստանձնում է օրենսդիր մարմնի լիազորությունները:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, դատախազի այս հայտարարության ֆոնին երկրում սաստկացել են բողոքի ցույցերը ընդդիմադիրների և նախագահ Նիկոլաս Մադուրոյի սոցիալիստական կառավարության կողմնակիցների միջև:
«Այդ որոշումը խախտում է սահմանադրական կարգը: Իմ պարտականությունն է խոր մտահոգություն հայտնել այս առումով»,-ասել է դատախազ Լուիսա Օրտեգան, ով սովորաբար համարվում էր Մադուրոյի սոցիալիստական կառավարության մոտ դաշնակիցը:
Հիշեցնենք, որ երկրի Գերագույն դատարանի որոշմամբ` խորհրդարանի լիազորությունները պետք է ստանձնի դատական մարմինը` պատճառաբանելով, որ Ազգային ժողովն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում գործադիր մարմնի նկատմամբ: