Հայաստանը լինելու է ժամանակակից, զարգացող, ինքնատիպ և հասկանալի աշխարհին. չկա որևիցե պատճառ, որ այդպես չլինի. Կարեն Կարապետյան
Մենք ունենք մեծ ներուժ՝ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ: «Հանրապետական» կուսակցության քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ դրանում անձամբ է համոզվել այս մեկ ամսվա ընթացքում՝ շրջելով Հայաստանում, շփվելով ժողովրդի հետ:
«Չկա որևիցե պատճառ, որ այդպես չլինի։ Հայաստանը լինելու է ժամանակակից, զարգացող և առաջ շարժվող, տրամաբանական և օրենքի երկիր՝ պահպանելով մեր ավանդույթները, ինքնատիպությունը, հարազատ միջավայրը՝ միաժամանակ լինելով բաց և հասկանալի աշխարհին։ Այսօր մենք ունենք երիտասարդ, ընդամենը 25 տարվա անկախ երկիր, բայց այն քիչ հին ազգերից ենք, որ հազարամյակների միջով անցնելով՝ ունի պետականություն»-շեշտեց նա:
Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ Նոր Հայաստան կառուցելու քրտանջան աշխատանքին պիտի մասնակցեն նաև երկրի քաղաքացիները, իսկ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է պատասխանտվությունն իր վրա վերցնել:
«Ամփոփելով քարոզարշավը՝ ուզում եմ Ձեզ խոստովանել, որ ինքս իմ հետ շատ համերաշխ եմ, որովհետև չկա մի բան, որ ես ասել եմ ու որի համար պատրաստ չեմ պատասխան տալ։ Հանդիպումների ժամանակ չեմ հրապուրվել նրանով, որ դիմացինին ասեմ մի բան, որ իրեն դուր գամ, եղել ենք ազնիվ և անկեղծ: Այդ նույն սկզբունքները դրել ենք մեր ծրագրի ու գործողությունների մեջ»,- շեշտեց վարչապետը:
Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ կուսակցության ծրագիրն ունի բոլոր հատկանիշները, որոնք առանձնահատուկ են որակ փոխող, կյանք փոխող ռեֆորմներին.
«Այն հավակնոտ և համարձակ է, իրատեսական է և ռացիոնալ, ունեն կամք և համառություն այն իրականացնելու համար»,- ասաց վարչապետը և հորդորեց վստահել ՀՀԿ-ի թիմին, քվեարկել իրենց օգտին: