Թուրքիայում բանտարկված քուրդ գործիչների առողջական վիճակը կրիտիկական է. պատգամավորներն ահազանգել են
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Անկարայից ընտրված պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ամիսներ շարունակ անազատության մեջ գտնվող իրենց կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ու կուսակցության մի շարք պատգամավորների առողջական վիճակը խիստ սրված է և անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը՝ Օնդերը ստեղծված իրավիճակը որակել է ճգնաժամային և հայտնել լրատվամիջոցներին, որ իրենց կուսակիցները բանտում ձեռք են բերել քրոնիկ հիվանդություններ:
«Սա պատվի հարց է: Մենք կոչ ենք անում համապատասխան մարմիններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել», - հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ թեմայի վերաբերյալ Թուրքիայի արդարադատության նախարարի հետ հանդիպում նշանակելու հարցում իրենք դժվարություններ են ունեցել:
Հիշեցնենք, որ նախօրեին կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որը 2016թ.-ի նոյեմբերից գտնվում է Թուրքիայի Էդիրնեի բանտում, հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Դեմիրթաշը նշել է, որ իր հացադուլի պատճառը բանտային դաժան պայմաններն ու նրան արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միջոցներից զրկելն է, ինչպես նաև բանտում մյուս բանտարկյալների հանդեպ կիրառվող կտտանքները: