Ֆրանսիական դատարանը մերժել է Բաշար ալ Ասադի հորեղբոր բողոքարկումը
Փարիզի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել երկրի արդարադատության համակարգի որոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբայր Ռիֆատ Ասադի ունեցվածքի մի մասի նկատմամբ կալանք սահմանելու մասին և մերժել է նրա կողմից ներկայացված բողոքարկումը: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Սիրիայի նախագահի հորեղբայրը հայտնվել է քննության տակ անցած տարվա հունիսին: Նրա նկատմամբ ներկայացվել են պետական միջոցների յուրացման և հարկային օրենսդրության խախտման հետևանքով ստացված միջոցների լվացման մեղադրանքներ:
Համապատասխան հայցը 79-ամյա Ռիֆատ Ասադի դեմ ներկայացվել է դեռ 2013 թվականին, հակակոռուպցիոն հետաքննություններով զբաղվող Transparency International-ի ֆրանսիական մասնաճյուղի և Sherpa ոչ կառավարական կազմակերպության կողմից: Նրանք պնդում էին, որ Ռիֆատ Ասադը պետական խոշոր միջոցներ է յուրացրել Սիրիայի գանձարանից: Transparency International-ի և Sherpa-ի գնահատականներով՝ Ֆրանսիայում Սիրիայի նախագահի հորեղբորը պատկանող անշարժ գույքի արժեքը հասնում է 160 միլիոն եվրոյի: