Մոսուլում ԱՄՆ-ի հանցագործությունները պետք է հետաքննվեն. Իրանի անվտանգության խորհուրդ
Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ-ի հանցագործությունները պետք է դառնան հետաքննության առարկա: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, գրում է ТАСС-ը:
«Իրաքի Մոսուլ քաղաքում խաղաղ բնակչության դեմ ԱՄՆ-ի ռազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, պետք է դառնան օբյեկտիվ հետաքննության առարկա: Ահաբեկիչների գործողությունների հետ համեմատելի այդ հանցավոր գործողությունների ոչ կանխամտածված լինելու մասին հայտարարությունները չեն նվազեցնում ԱՄՆ-ի պատասխանատվությունը»,- ասել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նա ընդգծել է, որ «ցանկացած ռազմական գործողություն, ինչպես Իրաքի, այնպես էլ Սիրիայի տարածքում, պետք է իրականացվի միայն այդ երկրների իշխանությունների պաշտոնական թույլտվության հիման վրա»:
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ցույց տա Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը այն պետություններին, որոնք իրենց բարձր են դասում ՄԱԿ-ից»,- ընդգծել է Շամխանին:
Միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ մասնակցում է անցած տարվա հոկտեմբերի 17-ին սկսված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությանը: Վերջին ժամանակներս պարբերաբար հաղորդագրություններ են հայտնվում կոալիցիայի ավիացիայի հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում մեծ քանակությամբ զոհերի մասին: