Ալեքսանդր Բորոդյուկ. Հեռացումը փոխեց խաղի ընթացքը
ԱԱ-2018-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականին 0:2 հաշվով պարտվելուց հետո Ղազախստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն ամփոփել է հանդիպումը:
«Մինչև հեռացումը մեր ֆուտբոլիստները կատարում էին խաղի ծրագիրը: Երկրորդ կեսում սկսեցինք վերահսկել գնդակը, սակայն տեղի ունեցավ կարմիր քարտը, ինչն ամբողջովին ազդեց հանդիպման ընթացքի վրա: Եթե դիտել եք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունները, ապա նկատել եք, որ ֆուտբոլը պայքարելու խաղ է: Չգիտեմ ինչու մրցավարը նման որոշում կայացրեց, սակայն ուշ է այդ մասին խոսել: Այնտեղ երկրորդ դեղին քարտ չկար, և մրցավարը կարող էր թույլ տալ թիմերին հանդես գալ հավասար կազմերով ու ֆուտբոլն ավելի հետաքրքիր կլիներ: Տղաներից դժգոհ չեմ, քանի որ նրանք պայքարում էին:
Չեմ կարող ասել, թե արդյոք Հայաստանի հավաքականը շարունակում է պայքարել ուղեգրի համար, այդ հարցն ավելի լավն կլինի տաք Արթուր Պետրոսյանին: Մաղթում եմ Հայաստանի հավաքականին շարունակել պայքարը ԱԱ-2018-ին մասնակցելու համար:
Այն, որ Հենրիխ Մխիթարյանը չափազանց լավ ֆուտբոլիստ է, բոլորս էլ գիտենք: Նա դա ապացուցում է ակումբային և միջազգային մակարդակներով:
Առաջին խաղակեսում մրցակիցն առավելություն ուներ, երկրորդ կեսում հաջողվեց հավասարեցնել խաղը, հետո տեղի ունեցավ հեռացումը: Առաջին հերթին ֆուտբոլիստները պետք է ճիշտ հետևություններ անեն պարտություններից: Դանիայի հետ առաջիկա խաղում անհրաժեշտ է հաղթել: Պետք է հոգեբանության վրա աշխատենք, որպեսզի խաղացողները վստահություն ձեռք բերեն:
Այս երեք պարտություններից հետո պատրաստվում եմ փոխել մարտավարությունը: Հատկապես դա վերաբերում է տնային հանդիպումներին` շեշտը դնելով հարձակման վրա»,- ասել է Բորոդյուկը: