Ֆինն միլիարդատիրոջը տուգանել են 77 000 եվրոյով՝ հետիոտնին չզիջելու համար
Հելսինկիի շրջանային դատարանը ֆինն միլիարդատեր Անտի Իլմարի Արնիո-Վիխուրիին տուգանել է 77 808 եվրոյով հետիոտնին չզիջելու համար:
Ինչպես նշում է Motor.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել 2016-ի մարտի 5-ին: Գործարարը, ում կարողությունը գնահատվում է մոտ 1.7 մլրդ եվրո, չի զիջել անցորդին, թեև իրեն շրջապատող մեքենաները կանգնել էին, որպեսզի հետիոտն անցնի:
Կատարվածի հետևանքով ոչ ոք չէր տուժել, իսկ խախտում կատարած վարորդը ոստիկանությանը հայտնել էր, որ ժամանակ չուներ արգելակելու համար:
Գործարարի պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը` հայտարարելով, որ գումարի չափը պետք է ավելի փոքր լինի, սակայն դատարանն, այնուամենայնիվ, պարտավորեցրել է նրան տուգանքը վճարել 12 օրում: