Հոլանդական թանգարան են վերադարձվել Վան Գոգի` 14 տարի առաջ գողացված կտավները (լուսանկարներ)
Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել և Ամստերդամի թանգարան է վերադարձրել հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի կտավները, որոնք գողացվել են 14 տարի առաջ: Այս մասին հայտնում է The Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` խոսքը երկու կտավի մասին է, որոնք նկարվել են 1882 և 1884-1885 թվականներին:
Թանգարանի տնօրեն Աքսել Ռյուգերի խոսքով` կտավների վերադարձը դարձել է թանգարանի պատմության «լավագույն պահերից մեկը», և այժմ կապահովվի դրանց ամբողջական ապահովությունը:
Նշվում է, որ 2002 թվականին անհայտները գողացել են կտավները, իսկ այնուհետև դրանք հայտնվել են իտալական մաֆիայի ձեռքերում: Իտալացի ոստիկանները կտավներն առգրավել են տեղական հանցավոր խմբավորումների դեմ իրականացված հատուկ գործողությունների ընթացքում: