Մեր ծրագրով ՓՄՁ-ները 3 տարով կազատվեն հարկերից. Գագիկ Ծառուկյան
«Ծառուկյան» դաշինքի նախընտրական հանդիպումն այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում էր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ասաց, որ իրենց ծրագրով ՓՄՁ-ները 3 տարով կազատվեն հարկերից։ Ըստ Ծառուկյանի՝ իրենց ծրագրի 15 կետերը ժողովրդին անհրաժեշտ են «օդ ու ջրի պես»։
«Թոշակների բարձրացում, հարկերի պակասեցում, ներդրում առողջապահության համար, ուսանողության համար, ՓՄՁ-ի համար, որը պետության ողնաշարն է: ԱՄՆ պետության համար բյուջեի 60 տոկոսը ՓՄՁ-ին է ընկնում, մեզ մոտ վերցնում է, ՓՄՁ-ին տալիս է մեր բյուջեի 1 տոկոսը, որ այսպես մնա, կմնա 0,5 տոկոս»,-ասաց նա։
Ըստ Ծառուկյանի՝ այսօր Սյունիքի մարզը հանդիսանում է պետության սիրտը, որն ունի մոլիբդեն ու պղինձ. «Այստեղ են, այդ պաշարներն ամբողջ աշխարհի 8-10 տոկոսն են, նավթ ու գազ չունենք, մոլիբդեն ու պղինձ ունենք»։
Ըստ նրա՝ պետք է համակարգ փոխել, որ մոլիբդենի կոմբինատի շահույթի ավելացման դեպքում «աշխատող, չարչարվող» ժողովրդի աշխատավարձը բարձրանա. «Ոչ թե ինչ էլ փոխվի՝ նույնն է գումարը»։
Գագիկ Ծառուկյանը հավաքվածներին նաև կոչ արեց «ոչ մեկի հետ վատամարդ չդառնալ». «Գնում եք ընտրության ձեր խղճի առաջ, ում հավատում եք»։