Բելառուսում մի քանի տասնյակ գրոհային է ձերբակալվել, որոնք սադրանք էին պատրաստում. Լուկաշենկո
Բելառուսում մի քանի տասնյակ գրոհային է ձերբակալվել, որոնք սադրանք էին պատրաստում: Այդ մասին Բելառուսի Մոգիլյով քաղաքում հայտնել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք արդեն մի քանի տասնյակ գրոհային ենք ձերբակալել, որոնք մարզվել են ճամբարներում: Իմիջիայլոց, ճամբարներից մեկը եղել է Բոբրույսկ և Ասիպովիչի քաղաքների մոտակայքում: Մնացած ճամբարները՝ Ուկրաինայում: Իմ կարծիքով՝ Լիտվայում կամ Լեհաստանում (չեմ պնդի, բայց այդտեղ մի տեղ)»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նշել է, որ ավելի ուշ հասարակությանը կտրամադրվի ավելի մանրամասն տեղեկատվություն տվյալ փաստի վերաբերյալ: Նա նաև պատմել է, որ իրավապահներին հաջողվել է իմանալ նման ծրագրերի գոյության մասին:
«Շնորհակալություն, որ կան իսկական բելառուսներ, որոնք լինելով արտասահմանում՝ Եվրամիությունում, նախազգուշացրել են մեզ: Մի կին եկել է դեսպանատուն և նախազգուշացրել, պաշտոնապես ստորագրել նամակը՝ պատրաստվում է սադրանք: Եվ մենք սկսել ենք ուսումնասիրել: Եվ իսկապես դուրս ենք եկել շատ հետաքրքիր հետքի վրա»,- ասել է Լուկաշենկոն:
Նախագահի խոսքով՝ այժմ հարկավոր է հանգամանորեն պարզել, թե որտեղից են ստացվել գումարները, ով է զբաղվել նրանց պատրաստմամբ, որ երկրներից են ժամանել ձերբակալվածները: