Երիտասարդ կադրերն անհրաժեշտ են. վարչապետն արհեստական է համարում աշխատաշուկա մտնելու համար աշխատանքային փորձի պահանջը
Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներից մեկն, այսօր նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին դիմելով հարցրեց, թե ինչ անեն կանայք, նաև ուսանողները, որ տվյալ պահին արգելափակում ունեն աշխատաշուկա մտնելու համար, քանի որ աշխատանքային փորձ են ուզում, իսկ 35-45 տարեկաններին էլ աշխատանքի չեն վերցնում:
«Դերվիշ բաբայի հագուստ պետք չի հագնել, դուրս գալ՝ տեսնելու այս խոցելի խավի վիճակը»,-ասաց քաղաքացին:
Վարչապետը համաձայնեց՝ պետական ապարատ մտնելու համար սահմանափակում կա:
«Ճիշտ եք՝ այդ սահմանափակումը համարում եմ արհեստական, պետական համակարգում նոր շունչ ներդնելու անհրաժեշտություն է զգացվում: Քաղծառայության կոմիտեի մեջ շատ բան ունենք փոխելու»,-ասաց նա և բացատրեց, որ օրինակ՝ սխալ է, որ նախարարի համար պետք է այդ քաղծառայության կոմիտեն կադրեր գտնի, ինքն էլ, անտեղյակ այդ անձանցից, սկսի աշխատել նրանց հետ:
Ըստ Կարապետյանի՝ նման թիմը չի կարող արդյունավետ աշխատել:«Երիտասարդ կադրերն անհրաժեշտ են, չինովնիկները հասարակության համար վտանգ են ներկայացնում, եթե էֆեկտիվ չեն»,-ասաց նա:
Ըստ նրա՝ եթե գործատուները նման տարբերակումներ են դնում, ապա պիտի զսպեն գործատուին, հասկացնեն, որ օրենք է խախտում: