Մակրոնը, Լե Պենն ու Ֆիյոնը հարցման տվյալներով Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ֆավորիտներն են
Ֆրանսիայում նախագահական ընտրություններին ընդառաջ նոր հասարակական հարցում է անցկացվել, որի արդյունքների համաձայն` ընտրությունների առաջին փուլի ֆավորիտներն են երիտասարդ գործիչ Էմանուել Մակրոնը (25,5%) և «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը (25%):
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նախագահական թեկնածուների առաջատար եռյակը եզրափակում է «Հանրապետականների» առաջնորդ Ֆրանսուա Ֆիյոնը (17,5%), որը չնայած իր շուրջ ծագած սկանդալին` լուրջ թեկնածուների թվում է:
Ինչ վերաբերում է իշխող Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնին, նրա դիրքերը չեն փոփոխվել (13,5%): Մինչդեռ իր տեղը զգալիորեն ամրապնդել է նրա մոտակա մրցակից Ժան Լյուկ Մելանշոնը (13%):
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 23-ին, երկրորդը` մայիսի 7-ին: