Առաջին անգամ չէ, որ ՌԴ-ն նման քաղաքականություն է վարում. Արամ Սաֆարյանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու նոր նախագծի մասին
Առաջին անգամ չէ, որ ՌԴ-ն նման քաղաքականություն է վարում. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ անդրադառնալով «Ռուսաստանի քաղաքացիություն կստանան բոլոր ցանկացողները, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում» նախագծին:
«Վերջին 20 տարիների ընթացքում անընդհատ մեղմացվել է քաղաքացիություն ստանալու գործընթացը միայն խորհրդային տարածքի, մասնավորապես արտասահմանում ապրող ռուս հայրենակիցների համար: Անընդհատ ՌԴ-ն հետևողականորեն գործը տարել է լիբերալացման՝ հույս ունենալով ինտեգրել նոր կողմնակիցներ, համակիրներ աշխարհում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ռուսական մամուլը գրել էր, որ ազգությունների հարցերով Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը դյուրացնում է ռուսական քաղաքացիության ստացումը «ռուսերենի կրողների» համար։ Փաստաթուղթը նախատեսում է ուղղումներ «ՌԴ քաղաքացիության մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքներում։ Այն մշակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի համապատասխան։ Օրենսդիրներն առաջարկել են «ռուսերեն լեզվի կրողներ» կատեգորիայի տակ առնել ԽՍՀՄ-ում ծնվածներին, ինչպես նաև նրանց, ովքեր Ռուսաստանում ծնված հարազատներ ունեն։
Արամ Սաֆարյանը շարունակեց, թե բացի դրանից՝ անձնագիր տալը չի նշանակում, որ պարտադիր է գնալ Ռուսաստանում ապրել: «Դու կարող ես ապրել քո երկրում և դառնաս Ռուսաստանի շահերի կրողը»,-ասաց նա:
Արամ Սաֆարյանը նշեց, որ իր տվյալներով՝ 700 000 մարդ ունենք, ովքեր և ՀՀ-ի և ՌԴ-ի քաղաքացիություն ունեն: «Բացի այդ՝ գիտեմ բազմաթիվ հայ ժամանակավոր միգրանտներ, որ ցանկանում են ստանալ ՌԴ քաղաքացիություն, որպեսզի թեթևացնեն իրենց կյանքը ՌԴ տարածքում»,-ասաց նա և նշեց, թե պետք է ողջունել Զատուլինի այն նախաձեռնությունը, ըստ որի՝ ՌԴ-ում պետք է մտցնել երկակի քաղաքացիություն:
«Դա որպեսզի նրանք, ստանալով ՌԴ-ի քաղաքացիություն, չկտրվեն ու չհեռանան մեզանից, մնան մեր հասարակության դաշտում: Եթե մտցվի երկքաղաքացիություն, մնացած հարցերը շատ հեշտ կարելի է լուծել»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք այս նախագծի օրենք դառնալու դեպքում ՀՀ-ից արտահոսքը չի՞ մեծանա, Արամ Սաֆարյանը պատասխանեց, որ ոչ: «Ես կարծում եմ արտահոսքի ծավալները այդ օրենքի հաստատումից հետո չի մեծանա, որովհետև ով գնում է փող աշխատելու, նա արդեն գնում է, ոչ ինձ են նայելու, ոչ ձեզ: Կարծում եմ՝ տնտեսական կյանքի բարելավմանը զուգահեռ, եթե լուրջ քայլեր անեն իշխանությունները մոտակա 5, 10 տարում, մենք ականատես ենք լինելու մեծ թվով հայերի հետ վերադարձի»,-ասաց նա: