Նիդերլանդներից արտաքսված թուրք նախարարը վերադառնում է Ստամբուլ
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան Գերմանիայի Քյոլն քաղաքից ուղևորվել է Ստամբուլ:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» թուրքական գործակալությունը, նախարարը Ստամբուլ է ուղևորվում Գերմանիայում մի շարք միջոցառումների մասնակցող երիտասարդության և սպորտի հարցերով նախարարին հատկացված մասնավոր ինքնաթիռով:
Ավելի վաղ Նիդերլանդների իշխանություններն արգելել էին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի և Սայան Քայայի այցը Ռոտերդամ, որտեղ թուրք նախարարները պետք է ելույթ ունենային թուրք համայնքի առաջ` խոսելով երկրում սահմանադրական բարեփոխումների մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին Նիդերլանդների իշխանությունները թույլ չէին տվել Չավուշօղլուի ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Միևնույն ժամանակ Սահան Քայան երկիր է մուտք գործել ցամաքային տրանսպորտով Գերմանիայից, սակայն երկրի իշխանություններն արտաքսել են նրան: