Լապշինին Ադրբեջանին արտահանձնելն անթույլատրելի է. ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: Օմբուդսմենի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
«Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը», - գրել է Մոսկալկովան:
Նա հիշեցրել է, որ, համաձայն Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ սահմաններից դուրս կամ արտահանձնվել այլ պետության:
Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: