Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարությանը (տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այսօր այցելել են «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերություն` ծանոթանալու ընկերության գործունեությանը:
Ինչպես հայտնում են նախարարությունից, Հայաստանում գործելով ավելի քան 20 տարի` ներկայում «Ապավեն»-ը կայացած տրանսպորտային ընկերություն է, որն արտասահմանում ունի գրասենյակների իր ցանցը, լիարժեք տեխնիկական հնարավորություններ, հաճախորդների և գործընկերների մեծ բազա: Հայաստանից արտերկիր և հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում է 10 000 կոնտեյներ:
Արթուր Առաքելյանի խոսքով՝ ընկերության ենթակառուցվածքային հնարավորությունները բավական տպավորիչ են:
«Ապավեն»-ի տնօրինության հավաստմամբ` իրենց ներկայիս ռեսուրսները կբավարարեն, եթե անգամ աշխատանքների ծավալը քառապատկվի:
Լսելով նաև «Ապավեն»-ի տնօրինության առաջադրած հարցերը` նախարարը խոստացել է քննարկել դրանք օտարերկրյա իր գործընկերների հետ և փորձել լուծումներ գտնել:
Վահան Մարտիրոսյանը շրջել է նաև մաքսային ծառայության պահեստում, զրուցել աշխատակիցների հետ:
Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի կարևոր խնդրի շուրջ: Տևական ժամանակ է, ինչ ընկերության տարածքում առկա են ժամկետանց կոնտեյներներ, որոնք արդի տեխնոլոգիաների պայմաններում այլևս շահագործման ենթակա չեն: Այդ գույքի շուրջ իրավական խնդիր է առաջացել. մոտ 400 կոնտեյներ դատարանով ճանաչվել է տիրազուրկ:
Տեղափոխման հետ կապված կազմակերպչական հարցերը լուծելուց և ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելուց հետո բեռնափոխադրման համար ոչ պիտանի կոնտեյներները կծառայեն ոչ իրենց նշանակությամբ, սակայն անհրաժեշտ նպատակի:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...