Հրանտ Դինքը` թուրքական մամուլի առաջին էջերում
Նախօրեին պոլսահայ լրագրող, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի միջոցառումները ակտիվորեն լուսաբանվեցին նաև թուրքական լրատվամիջոցների կողմից:
Դինքի հիշատակին նվիրված միջոցառումները Թուրքիայում լուսաբանեցին հայտնի «Ջումհուրիյեթ, «Բիրգյուն», «Հյուրրիյեթ», «Էվրենսել» պարբերականները, diken.com.tr, t24.com.tr demokrathaber.org լրատվակայքերը , երկրի ամենախոշոր լրատվական գործակալություններից DHA-ն, «Բիանետը», «Անադոլուն» և մի շարք այլ լրատվամիջոցներ:
Դինքի հիշատակին հոդվածներ նվիրեցին թուրք հայտնի մտավորականներ, լրագրողներ և սյունակագրեր, ինչպես Բասքըն Օրանը, Այդըն Էնգինը, Զեյնեփ Օրալը, Այշե Յըլդըրըմը, Հասան Ջեմալը, Նեդիմ Շեները և այլոք:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ նախօրեին Ստամբուլի Շիշլի թաղամասի Օսմանբեյ պողոտայում գտնվող «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց, ուր ուղիղ 10 տարի առաջ այս ժամերին սպանվեց Դինքը, հավաքվել են տասնյակ հազարավոր ակտիվիստներ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներից. հայեր, թուրքեր, քրդեր, ասորիներ և Թուրքիայում բնակվող բազմաթիվ այլ էթնիկ ու կրոնական խմբերի ներկայացուցիչներ:
Ներկաները բարձրացրել են «Հանուն Հրանտի, հանուն արդարության», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Այստեղ ենք, ախպարիկ», «Կարոտում ենք, ախպարիկ», «Հրանտին մի՛ մոռացեք» գրություններով պաստառներ:
Հիշատակի միջոցառումներ են անցել նաև Անկարայում, որտեղ ոստիկանությունը` հիշեցնելով մայրաքաղաքում մեկ ամսյա ժամկետով բացօթյա միջոցառումների արգելքի սահմանման մասին, խոչընդոտել է երթի անցկացմանը: