Նախագահական ընտրությունների հարցը չի քննարկվի ընդդիմության հետ հանդիպմանը. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների հարցը և ընտրությունների ամսաթիվը չի քննարկվելու ընդդիմության հետ առաջիկա հանդիպմանը: Այդ մասին նա ասել է ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ ընդդիմության հետ բանակցություններում ուշադրությունը հատկացվելու է նախևառաջ Սիրիայում հրադադարին՝ սիրիացի քաղաքացիների կյանքը փրկելու համար: Ասադը, սակայն, ընդգծել է, որ վստահ չէ, թե արդյոք բարձրացվելու են քաղաքական հարցեր:
Սիրիացի նախագահը նաև նշել է, որ նախագահի հրաժարականը և նրա ընտրությունը չեն քննարկվելու, քանի որ այդ հարցը կապված է Սահմանադրության հետ և պահանջում է Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը:
Բացի այդ, Ասադը հայտնել է, որ ոչ մի անցումային կառավարություն չի կարող ստեղծվել, քանի որ այդ հնարավորությունը չի նախատեսվում Սահմանադրությամբ: