Համացանցում է հայտնվել Իզմիրում իրականացված պայթյունի տեսագրությունը (տեսանյութեր)
Համացանցում են հայտնվել այսօր Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության շենքի առջև իրականացված պայթյունի և դրան հետևած կրակահերթի տեսանյութերը:
Թուրքական «Սաբահ» պարբերականի հաղորդմամբ` պայթյունից անմիջապես հետո ոստիկանների և գրոհայինների միջև հրաձգությունը շարունակվել է մինչև երկու կողմի փամփուշտների սպառվելը:
Միևնույն ժամանակ, թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը հայտնում է, որ հրաձգության ընթացքում ոստիկաններին հաջողվել է սպանել երկու գրոհայինի, ևս երկու զոհ ունի թուրքական կողմը:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական կայքերը հաղորդում էին մեկ գրոհայինի մահվան մասին:
Վերջին տվյալների համաձայն` ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 11 մարդ:
Հիշեցնենք, որ Իզմիրի նահանգապետը հարձակման համար մեղադրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը և հավելել, որ հարձակման ընթացքում մահացած ոստիկանի կանխարգելիչ գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել է՛լ ավելի մեծ կորուստներից:
Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել Իզմիրում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: