Թուրքիայի Իզմիր քաղաքում իրականացված ահաբեկչության հետևանքով 2 մարդ է մահացել, 5-ը՝ վիրավորվել
Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության շենքի առջև այսօր մարդատար մեքենայի պայթեցման միջոցով իրականացված ահաբեկչության հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավոր է 5-ը, այս մասին հայտարարել է Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզը, գրում է demokrathaber.org կայքը:
Այյըլդըզը հարձակման իրականացման համար մեղադրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը և հավելել, որ հարձակման ընթացքում մահացած ոստիկանի կանխարգելիչ գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել է՛լ ավելի մեծ կորուստներից:
«Մեր նահատակ ոստիկանը կանգնեցրել է մեքենան մինչ արդարադատության շենքին հասնելը, ահաբեկիչները հենց այդ ժամանակ փախել են ու պայթեցրել մեքենան»,- մանրամասնել է նահանգապետը՝ հավելելով, որ իրենց բուն նպատակին գրոհայինները չեն հասել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am–ը` հրաձգության հետևանքով սպանվել է նաև գրոհայիններից մեկը: