Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի զոհ դարձած մարդկանց շուրջ 70 խմբային գերեզման է հայտնաբերվել. AP
Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման զոհ դարձած մարդկանց շուրջ 70 խմբային գերեզման է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, որի թղթակիցները թեմայի վերաբերյալ հետաքննություն են անցկացրել:
«Կա հավանականություն, որ ԻՊ-ի նահանջին զուգահեռ կհայտնաբերվեն նորանոր խմբային գերեզմաններ»,- գրում է գործակալությունը:
Վերջերս Սիրիայի տարածքում հայտնաբերվել է 17 խմբակային գերեզման, որոնցից մեկում եղել է 100-ից ավելի մարմին:
Նշվում է, որ Իրաքում եղած գերեզմանները հիմնականում գտնվում են վտանգավոր գոտիներում, ինչի հետևանքով դրանք բացելը բավականին դժվար է:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ կախված մեծությունից՝ յուրաքանչյուր գերեզմանում կարող է լինել 3-ից մինչև 1000 մարմին:
AllSource Analysis հետախուզական գործակալությունը լրատվական գործակալությանն է փոխանցել արբանյակից արված հատուկ լուսանկարներ, որոնցում երևում է ևս մի խմբային գերեզման: Այն գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում՝ Բադուշ կոչվող բանտի մոտ, և ենթադրվում է, որ այնտեղ թաղված է մոտ 600 տղամարդու մարմին: