Ապառիկով գնված մատաղացու գառն Ալլահի կողմից անընդունելի է. Թուրքիայի հոգևոր առաջնորդ
Թուրքիայում սպասվող «Քուրբան բայրամ»-ի (Զոհաբերության տոն) հետ կապված՝ երկրի կրոնական գործերով խորհրդի պաշտոնական կայքում պատասխանել են քաղաքացիների կողմից տրված ավելի քան 60 հարցի, գրում է t24.com.tr-ը։
Դրանց թվում կարելի է հանդիպել ամենաանհավանական ու անգամ զավեշտալի հարցերի, ինչպես, օրինակ, արդյոք մատաղացու գառներ պատվիրելու ընթացքում կարելի՞ է օգտագործել հեռախոս կամ համակարգիչ կամ արդյոք գառը զոհաբերելիս անզգայացում կիրառելու դեպքում մատաղն ընդունելի կլինի՞, թե՞ ոչ:
Կրոնական գործերով խորհրդի նախագահ Մեհմեթ Գյորմեզը, մասնավորապես, հայտարարել է, որ ապառիկով գնված մատաղացու գառն Ալլահի կողմից անընդունելի է:
«Քուրբան բայրամ»-ն այս տարի նշվելու է սեպտեմբերի 12-ին: Սովորաբար, ամեն տարի այդ օրերին Թուրքիայում հազարավոր մարդիկ հայտնվում են հիվանդանոցներում՝ կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներով: