Նիցցայում ոստիկանները տուգանել են հիջաբ կրող կանանց` անտեսելով ֆրանսիական դատարանի որոշումը
Ֆրանսիական Նիցցա քաղաքի լողափում ոստիկանները տուգանել են հանգստանալու եկած երկու կանանց, ովքեր հիջաբ են կրել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել երեկ: Մուսուլմանուհիները մտածել են, որ կարող են հանգիստ այցելել լողափ, քանի որ ֆրանսիական դատարանը որոշում էր կայացրել կասեցնել բուրկինի կրելու արգելքը: Սակայն ֆրանսիական որոշ քաղաքների ղեկավարներ որոշել են ուժի մեջ պահել արգելքը:
Ոստիկանները նախ խնդրել են կանանց հեռանալ, ապա տուգանել են նրանց: Կանանցից մեկը երկար զգեստ է կրելիս եղել, մյուսը՝ տաբատով հանդերձանք:
Ականատեսների խոսքով` կանայք տրամվայ են նստել և հեռացել:
Բուրկինի կրելու արգելքը ֆրանսիական մի շարք քաղաքներում սահմանվել է հուլիսին, երբ մուսուլմանը հարձակում էր իրականացրել Նիցցայում` բեռնատարով մխրճվելով հանգստացողների ամբոխի մեջ և դառնալով 87 մարդու մահվան պատճառ: